Արդեն մի քանի օր է քաղաքի կենտրոնական փողոցում վերսկսվել են շենքերի ճակատային մասերի և մայթերի վերանորոգման աշխատանքները: Բարեկարգմանը զուգահեռ նաև կանաչապատման աշխատանքներ են տարվելու:

2021 թվականի հուլիս ամսից սկսած Ախալքալաքում ընթանում են քաղաքի կենտրոնական փողոցի շենքերի արտաքին վերանորոգման աշխատանքներ, որոնք իրականացվում են Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարությունը՝ «Նորոգված շրջաններ» ծրագրի շրջանակներում:

IMG_3147_Original

Այս տարի քաղաքապետարանը նախատեսում է ստանալ 500 տնկի, որոնք կտնկվեն կենտրոնական փողոցի վրա:

«Մենք ներկայացրել ենք ցուցակ, այսինքն՝ ստանալու այն ծառատեսակները, որոնք կդիմանան մեր բնակլիմայական պայմաններին: Յուրաքանչյուր մունիցիպալիտետի ուղարկում են ծառատեսակների ցանկ, մենք արդեն ընտրել ենք և սպասում ենք, որ նվիրատվություն լինի պետության կողմից, որպեսզի տեղական բյուջեից այդ ուղղությամբ գումար չհատկացնենք», – ասում է քաղաքապետ Մելքոն Մակարյանը:

IMG_3145_Original

Վերջինս ասում է՝ կենտրոնական փողոցի բարեկարգման աշխատանքները շարունակական են լինելու:

«Երկու օրվա ընթացքում սպասում ենք նախագծողներին, ովքեր այստեղ կմնան տևական ժամանակ: Ուզում եմ հրավիրել քաղաքի բնակիչներին, ովքեր իրենց մտքերը կներկայացնեն, նախագծողները՝ իրենց և կենտրոնական փողոցում բարեկարգման աշխատանքները կշարունակվեն «Նորոգված շրջաններ» ծրագրի շրջանակներից դուրս: Տեղական բյուջեից բավականին մեծ գումար ենք նախատեսնում հատկացնել կենտրոնական փողոցի արդիականացման համար», – ասում է նա:

Նախնական տվյալներով, նախատեսվում է կենտրոնական փողոցում լուսավորություն անցկացնել, ծառատունկ անել, ինչպես նաև բնական քարերով սալիկապատել մայթերը: Օրինակ. վերանորոգվելու է մշակույթի տան կողքի փոքրիկ պուրակը, նստարաններ են տեղադրվելու, լուսավորություն է անցկացվելու:

Կարդացեք նաև՝
Ընթանում են քաղաքի կենտրոնական փողոցի հարդարման ինտենսիվ աշխատանքներ