Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հասարակական կազմակերպությունները առաջարկներով դիմել են տարբեր պատասխանատու կառույցներին` ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում պատվաստման գործընթացն ակտիվ և արդյունավետ դարձնելու նպատակով:
Հասարակական կազմակերպությունների կողմից մշակված առաջարկություններն ուղարկվել են Վրաստանի վարչապետին, Առողջապահության ու Հաշտեցման և քաղաքացիական հավասարության նախարարներին, ինչպես նաև խորհրդարանի Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահին:
«Այն ժամանակ, երբ Վրաստանում Covid-19-ից ամեն օր բազում քաղաքացիներ են վարակվում և մահանում, իսկ պատվաստումը մնում է փրկության միակ ճանապարհը, տեղեկատվության տրամադրումը, քաղաքացիների առավելագույն ներգրավվածությունն ու նրանց համոզելը մնում է մեզանից յուրաքանչյուրի գերգլխավոր մարտահրավերը»,- ասվում է նամակում:
Տարբեր կազմակերպությունների 17 ներկայացուցիչներ ստորագրել են նամակը, որում մասնավորապես ասվում է, որ կառավարությունը պարտավոր է տեղեկատվություն տրամադրել հասկանալի լեզվով` պատվաստման և դրա նկատմամբ վստահության վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Նամակում նշվում է, որ մարդիկ, ովքեր չեն տիրապետում պետական լեզվին՝ դժվարանում են գրանցվել Առողջապահության նախարարության հարթակում պատվաստման համար և չեն կարողանում իրենց համար հասկանալի լեզվով տեղեկատվություն ստանալ կառավարության թեժ գծի միջոցով, որը հատուկ ստեղծվել է կորոնավիրուսային համավարակի ժամանակ՝ բնակիչներին իրազեկելու նպատակով:
«Մենք՝ որպես հասարակական կազմակերպություններ, երկար տարիներ աշխատելով էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում, կարծում ենք, որ քանի դեռ երկիրն ունի պետական լեզվին չտիրապետող քաղաքացիներ, ապա պետությունը պարտավոր է պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները, մենք հավատում ենք, որ Վրաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունները պետք է կարողանան պատվաստման համար գրանցվել հարթակում (booking.moh.gov.ge) և իրենց համար հասկանալի լեզվով տեղեկատվություն ստանալ թեժ գծի օպերատորներից», – ասվում է նամակում: