Այսօր Նինոծմինդայում անցկացվեց մանդատուրի ծառայության ներկայացումը Կրթության և գիտության նախարարության տվյալ բաժնի ծառայության պետ` Վախթանգ Մեիփարիանի մասնակցությամբ: Այսօրվանից Ջավախքի 5 դպրոցներում մանդատուրիները անցել են աշխատանքի:
Այսօր Նինոծմինդայի № 2 դպրոցում անցկացվեց մանդատուրի համակարգի ներկայացումը: Ներկայացմանը ներկա էին` մանդատուրի ծառայության պետ` Վախթանգ Մեիփարիանին, Սամցխե-Ջավախքի նահանգապետ` Ակակի Մաճուտաձեն, մանդատուրի ծառայության աշխատակիցները և շրջանի ղեկավարությունը:
Առաջին փուլում մանդատուրի ծառայությունը մտցվել է Նինոծմինդայի երկու և Ախալքալաքի երեք դպրոցներում:
Ըստ մանդատուրի բաժնի տնօրենի տեղակալ` Կոստանտին Մաջափարիձեի, այս փուլում մանդատուրի համակարգը արդեն ներդրվել է Ախալքալաքի և Նինոծմինդայի հինգ դպրոցներում, և աստիճանաբար ներդրվելու է այլ դպրոցներում ևս: Մանդատուրի հիմնական խնդիրն է պահպանել աշակերտների անվտանգությունը:
Ինչպես նշեց № 2 դպրոցի տնօրեն` Արտյուշ Ստամբոլցյանը, շրջանում առաջին անգամ է, երբ դպրոցներում մտցվում է մանդատուրի, դա կօգնի դպրոցներին կարգապահության և ուսումնա-դաստիարակչական պրոցեսում: