Վաչիան գյուղի բնակիչները շրջանի ղեկավարությունից պահանջում են, որ գյուղի դպրոցի տնօրեն նշանակվի իրենց նախընտրելի թեկնածուն: Իսկ նորանշանակ տնօրենը գտնում է, որ գյուղացիների պահանջը հիմնավորված չէ:
Այսօր, նոյեմբերի 24-ին վաչիանցիները ընդհատեցին Ախալքալաքի շրջանային ժողովի նիստը, ժողովականներից պահանջելով իրենց խնդրին շուտափույթ լուծում տալ, հակառակ դեպքում սպառնացին փակել գյուղի ճանապարհը:
«Մենք ուզում ենք, որ մեր գյուղի տնօրենը լինի գյուղից: Որպես շրջանի ղեկավար ձեզնից խնդրում ենք, որ այս հարցը գյուղացիների ուզածով լուծվի, մի հոգի չէ, այստեղ ամբողջ գյուղն է: Երկու ժամում 350 ստորագրություն ենք հավաքել, այսինքն գյուղի մեծամասնությունը ստորագրել է: Մի արեք այնպես, որ վաղը 3000 հոգի ցույցի դուրս գա», – այս խոսքերով ժողովականններին դիմեցին վաչիանցիները, միաժամանակ իրենց դիմում-նամակը փոխանցեցին Ախալքալաքի շրջանային ժողովի և վարչության նախագահներին:
Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանն ընդունելով գյուղացիների դիմումը նշեց. «Տնօրենը նշանակվում է նախարարության կողմից, մենք ձեր դիմումը կուղարկենք նախարարություն, թե նրանք ինչ կպատասխանեն, դա արդեն հարցի մյուս կողմն է»,- միևնույն պահին ավելացնեով, որ ինքը ժողովրդի կողքին է:
Վաչիանցիները դժգոհ մնացին Շրջանային ժողովի նախագահի պատասխանից ասելով. «Եթե բան չեք կարողանում անել էլ ինչու է տեղական ինքնակառավարման մարմինը, ինչի թուղթ գցելու ժամանակ գյուղացիները ձեզ պետք են, իսկ հիմա ոչ: Դուք պարտավոր եք նախարարին տեսակետ տալու, այսօր այստեղ ենք, վաղը ճանապարհը կփակենք»:
Գրեթե կես ժամ տևած բուռն բանավեճից հետո կողմերը եկան ընդհանուր եզրահանգման: Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը խոստացավ առաջիկա օրերին ծանոթանալ Վաչիանի դպրոցի տնօրենի նշանակման հետ կապված խնդրին և երկուշաբթի օրը լուծում առաջարկել:
Վաչիանի բնակիչները դիմում-նամակ են գրել Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ՝ Համլետ Մովսիսյանի, Վարչության նախագահ՝ Էդուարդ Աղասարյանի, Խորհրդարանի պատգամավոր՝ Հենզել Մկոյանի, Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար՝ Թերեզա Չիվչյանի և ԿԳ նախարար Ալեքսանդր Ջեջելավայի անունով:
Դիմումի մեջ մասնավորապես ասվում է. «Երեկ Ախալքալաքի ռեսուրս կենտրոնի վարիչ Թերեզա Չիվչյանը այցելել է Վաչիանի հանրային դպրոց և ներկայացրել է նոր տնօրենին: Մենք բազմիցս դիմել ենք նրան, խնդրելով հաշվի առնել, որ գյուղը ունի իր թեկնածուն՝ Արևիկ Գաբրիելյանը և մեզ համար նախընտրելի է նրա նշանակումը: Նրան էր ընտրել նաև Վաչիանի հանրային դպրոցի հոգաբարձուների խորհուրդը: Սակայն ուշադրություն չդարձնելով մեր բողոքներին և հաշվի չառնելով ծնողների կարծիքը, դպրոցի տնօրեն են նշանակել Մարինա Չոմարյանին: Ուստի բողոքում ենք և չենք ընդունում նշանակումը»:
Դիմումին կից բողոքողները ներկայացրել են նաև 357 բնակչի ստորագրություն:
Վաչիան գյուղի հանրային դպրոցի նորանշանակ տնօրեն Մարինա Չոմարյանը գտնում է, որ գյուղացիների դժգոհությունն անհիմն է:
«Տնօրենի պաշտոնին ինքս ինձ չեմ նշանակել, ոչ էլ ռեսուրս կենտրոնը, եղել է առողջ մրցակցություն, ոչ ռոնո (խմբ. Կրթական ռեսուրս կենտրոն) մարդ եմ տարել, ոչ ավել պակաս մարդ եմ խառնել, որ ինձ նշանակեն: Դիմել եմ, ներկայացել եմ հարցազրույցի նախարարություն, ինչպես որ տիկին Արևիկ Գաբրիելյանը, մենք իրար հետ էինք, դուրս գալուց հետո ես մաղթել եմ հաջողություն և եկել եմ քաղաք», – ասում է նա:
Մարինա Չոմարյանը համարում է, որ բնակության վայրը չի կարող բողոքի հիմք հանդիսանալ:
«Վերջնական որոշումը կայացրել է նախարարությունը, ոչ օրիորդ Թերեզան, ոչ քաղաքի ղեկավար մարմինները այդ հարցի մեջ որոշում չեն ունեցել: Թող դիմեն նախարարություն, եթե ունեն բողոք, բողոքը պիտի հիմնավորես: Մեր անձնագրի մեջ գրվում է Վրաստանի քաղաքացի, դրանով բոլոր հարցերը եզրափակված են: Ես կարող եմ աշխատել Թբիլիսիում, Կախեթում, Բորժոմում, Ախալքալաքում, ուր ինձ նշանակեն»,- ասաց Վաչիան գյուղի հանրային դպրոցի նորանշանակ տնօրեն Մարինա Չոմարյանը:
Վաչիանի հանրային դպրոցի տնօրենի նշանակման հետ կապված իրադարձությունները զարգացման ինչ ընթացք կունենան կտեղեկացնենք պարբերաբար:
Աղունիկ Այվազյան