
Այսօր դպրոցներում սկսվել է առաջին դասարանցիների գրանցման երկրորդ փուլը, որը կտեւի մինչեւ մայիսի 17-ը:
Երկրորդ փուլում գրանցվելու են այն երեխաները, որոնց եղբայրը կամ քույրը սովորում են նույն դպրոցում, որտեղ պիտի հաճախի առաջին դասարանցին, ինչպես նաեւ նրանք, ում ծնողները այդ դպրոցի աշխատակիցներն են: Այս գրանցումը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ նույն ընտանիքից երկու կամ ավելի երեխաներ միեւնույն ժամանակ հաճախելու են առաջին դասարան:
Այս փուլում երեխային գրանցելու համար, երեխայի ծնողը կամ նրա օրինական ներկայացուցիչը պետք է անձամբ ներկայանա դպրոց եւ ներկայացնի երեխայի փաստաթղթերը:
Առաջին դասարան կարող են գնալ այն երեխաները, որոնց 6 տարեկանն արդեն լրացած կլինի սեպտեմբերի 16-ին:
2019-2020 ուսումնական տարում, առաջին դասարանցիների գրանցման գործընթացում փոփոխություններ են կատարվել եւ այն կանցկացվի չորս փուլով:
Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի որոշմամբ, այս տարի առաջին անգամ գրանցման իրավունքն առաջնահերթ ստացել էին հատուկ կրթական կարիք ունեցող երեխաները: Գրանցումը տևել էր տասը օր` մարտի 25-ից մինչև ապրիլի 5-ը (նախորդ տարիներին հատուկ կրթական կարիք ունեցող երեխաները գրնացմանը մասնակցել էին առաջին դասարանցիների համընդհանուր գրանցման կարգով):
Գրանցման երկրորդ փուլը կսկսվի այսօր՝ մայիսի 2-ին և կտևի մինչև մայիսի 17-ը ներառյալ:
Երրորդ փուլը համընդհանուր առցանց գրանցումն է: Այն կսկսվի մայիսի 21-ին և կտևի մինչև հունիսի 12-ը ներառյալ:
Գրանցման չորրորդ փուլը, այսինքն` ազատ տեղերի գրանցումը եւ փաստաթղթեր ներկայացնելը, կսկսվի հունիսի 25-ին և կտևի մինչև հուլիսի 5-ը ներառյալ:
Նախարարության տվյալներով, ողջ հանրապետությունում առաջին դասարանցիների համար նախատեսված է 59 հազար տեղ, սակայն ակնկալվող հոսքը կազմում է մոտ 57 հազար: