Վրաստանում 1+4 ծրագրի շրջանակներում շուրջ 1,335 դիմորդ ԲՈՒՀ է ընդունվել: Այս թվերը պարզ դարձավ միասնական ազգային քննությունների արդյունքների ամփոփումից հետո:

Ընդհանուր ունակությունների քննությունն այն միակն է, որը պետք է հաղթահարեն հայազգի դիմորդները 1+4 ծրագրին դիմելու դեպքում։ Ծրագրի շնորհիվ ուսանողները հնարավորություն են ստանում մեկ տարի սովորել պետական ԲՈՒՀ-ում վրաց լեզվի նախապատրաստական ծրագրում, որից հետո ընտրել մասնագիտություն և շարունակել ուսումը։

Իսկ ազգային միասնական քննությունները հանձնելու համար Ախալքալաքի դիմորդների մեծ մասը հաճախում են հավելյալ՝ մաթեմատիկա և տրամաբանություն առարկաների պարապունքների։ Տրամաբանություն դասավանդող մասնագետներից մեկի խոսքով այս տարի իր մոտ դասի է հաճախել 90 աշակերտ, որոնցից միայն 5-ը չի կարողացել հավաքել նվազագույն անցողիկ միավորը։

Նրանցից մեկը մեր հերոսն է, ով ուզեցավ գաղտնի պահել ինքնությունը։ Դիմորդները պարապունքները հիմնականում սկսում են երկրորդ կիսամյակի սկզբից, իսկ Կարենի (անունը փոխված է) կարծիքով մեկ ամիսը, որը նա հատկացրել էր պատրաստվելու համար միասնական ազգային քննություններին, չի բավարարել, որ կարողանար ԲՈՒՀ ընդունվեր։

«Ուզում էի ընդունվել ԹՊՀ, բայց չստացվեց։ Դիմել եմ ակադեմիա, եթե ստացվեց կգնամ, եթե ոչ՝ մյուս տարի կրկին կդիմեմ 1+4-ին, անպայման ուզում եմ սովորել Թբիլիսիում», – ասում է նա։

Կարենն ասում է, որ դեռ չի որոշել, թե ինչով պետք է զբաղվի մի ամբողջ տարի, հավանաբար գյուղում կմնա օգնելու ծնողներին:

Ի տարբերություն Կարենի, Ախալքալաքի դիմորդներից շատերը բարձրագույն կրթություն ստանալու համար ընտրել են Սամցխե-Ջավախեթի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճյուղը, որպեսզի ապրեն իրենց ընտանիքների հետ:

18-ամյա Մարինան նույնպես որոշել է կրթություն ստանալ հարազատ քաղաքում և ուսումնասիրել էկոնոմիկա։

«Ընդունվել եմ 1+4 ծրագրով և վրաց լեզվի միամյա ուսուցումն ավարտելուց հետո ուզում եմ սովորել տնտեսագիտություն։ Քանի որ տնտեսագիտությունն իմ ուզած մասնագիտությունն էր, և այն ուսուցանվում է նաև մեր քաղաքի համալսարանում, իմսատ չտեսա դուրս գնալու»,- ասում է Մարինան։

Վերջինս նույնպես մինչև ընդունվելն ընդհանուր ունակություններ է պարապել միասնական ազգային քննությունները հանձնելու համար։ Չնայած 100% պետական ֆինանսավորում ստանալուն, Մարինան քննությունների մակարդակը գնահատում է բարդ, հավելելով որ պատրաստ է համալսարանական կյանքի դժվարություններին։

Իրավիճակն ավելի է բարդանում այն դիմորդների համար, ովքեր ռուսական դպրոց են ավարտել և ստիպված են ընդունելության քննությունը հանձնել հայերենով։

Մեր մյուս հերոսուհին, հավաքելով է բարձր միավորներ և պետության կողմից ամբողջական ֆինանսավորում կստանա։ Աիդա Մուշեղյանն ուղևորվում է դեպի Թբիլիսիի պետական համալսարան։

«Ռուսաց դպրոցն եմ ավարտել, որոշեցի սովորեմ Թբիլիսիում, ընդունվել եմ, քննության արդյունքը տեսնելուց հետո ուրախ էի ու զարմացած: Ընտրեցի Թբիլիսին, որպեսզի սովորեմ պետական լեզուն ու տեղափոխվեմ «մեծ աշխարհ»։ Ընտրել եմ ֆինանսիստի մասնագիտությունը»,- ասաց նա։

Աիդան որոշ չափով տիրապետում է վրացերեն լեզվին, բայց խոսելուց կաշկանդվում է։ Իսկ մասնագիտության ընտրությունը կատարել է այն սկզբունքով, որ յուրաքանչյուր հաստատություն այս մասնագետի կարիքն ունի։

«Ռուսերեն կրթություն ունենալով հանդերձ դժվարանում էի հայերենով հանձնել քննություն, եթե ռուսերենով հանձնեի կարծում եմ ավելի բարձր միավորներ կհավաքեի: Բայց այս հարցում մեր ուսուցիչներն էլ են շատ օգնել, գրքեր էին տալիս կարդալու հայերեն լեզվով, օգնում էին»,- պատմում է Աիդա Մուշեղյանը։

Արդեն պաշտոնապես ուսանողի կարգավիճակ ստացած նախկին դիմորդները դժվարանում են պատասխանել հարցին, թե որտեղ են տեսնում իրենց ապագան, սակայն հիմա նրանց միակ մտավախությունը վրացերեն լեզվին չտիրապետելն է։

Ռիմա Մառանգոզյան