Կորոնավիրուսի հայտնվելուն պես, Վրաստանում 2020 թվականի փետրվարից ուսումնական հաստատություններում սկսեցին քննարկել հեռակա կարգով ուսումնական գործընթացի անցկացման հարցը, իսկ արդեն մարտ ամսից տարբեր համալսարաններ, տարբեր ժամանակահատվածում անցան օնլայն դասընթացների: Առցանց ուսուցման անցան նաև նախապատրաստական կուրսի ուսանողները, ովքեր վրացերեն են սովորում «1+4» ծրագրի շրջանակներում։
JNEWS-ը «Վրացերենն առցանց՝ ի՞նչ են սովորել համավարակի ժամանակ ուսանողները» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էր այն խնդրին, թե էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչ ուսանողներն օնլայն կրթության պայմաններում, որքանով են սովորել վրացերեն:
«1+4» նախագծի ուսանողները JNEWS-ի հետ զրույցում ասել էին, որ նախապատրաստական կուրսն առցանց անցնելն իրենց համար ժամանակի կորուստ էր, և վերջնարդյունքում, նրանք այդքան էլ պատրաստ չեն առաջին կուրսի համար։ Ուսանողները նշում են, որ շատ հաճախ պարզապես համակարգիչը ձևական միացրել են, և չեն մասնակցել դասապրոցեսին:
JNEWS-ը գրավոր դիմում էր ներկայացրել Վրաստանի կրթության և գիտության նախարարություն, պարզելու՝ արդյո՞ք իրականացվել է որևէ հետազոտություն առ այն, թե ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել առցանց կրթությունը ոչ վրացալեզու ուսանողների կրթության որակի վրա։
Նախարարությունից մասնավորապես պատասխանել են հետևյալը. «Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնը 2020թ. տարեվերջին, լիազորված բարձրագույն ուսումնական հաստատություններից տեղեկություն է պահանջել հեռակա/էլեկտրոնային եղանակով ուսուցման գործընթացի կամ հաղորդակցությունը այլ միջոցներով իրականացման վերաբերյալ (ներառյալ ուսումնական ծրագիրը պլանավորելու, կազմակերպելու և կառավարելու համար անհրաժեշտ մոտեցումների և մեթոդների օգտագործմանը)։ Ստացված տեղեկատվության վերլուծության հիման վրա հեռավար ուսուցման գործընթացում, մասնավորապես՝ վրացալեզու կրթական ծրագրերի իրականացման առումով, հիմնականում խնդիրներ չեն հայտնաբերվել: Բուհերում նշում են, որ տեխնիկական և ընդհանրապես վերապատրաստման գործընթացին վերաբերող հարցերը քննարկելու նպատակով անցկացվել են առցանց խորհրդակցություններ»:
Գայանե Ակոջյան