«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման կապակցությամբ Վրաստանի կառավարությունը քննադատության է ենթարկվել արևմտյան գործընկերների կողմից, որոնք պնդում են, որ օրենքը հակաժողովրդավարական է։ Քննադատության գագաթնակետը դարձավ Եվրամիության ղեկավարների որոշումը՝ կասեցնել Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը։ Jnews-ը զրուցել է «Ռոնդելի» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոռնիկե Թուրմանիձեի հետ, թե ի՞նչ կարող է նշանակել նման որոշումը Վրաստանի համար և ինչի՞ կարող է հանգեցնել այն։
– Ինչպե՞ս է իրականացվում ԵՄ-ում թեկնածուի կարգավիճակի կասեցումը՝ տեխնիկապես և փաստաթղթային առումով: Կարգավիճակը չեղարկվում է, թե՞ պարզապես այլ քայլեր տեղի չեն ունենում։
– Պաշտոնապես սա կարգավիճակի կասեցում չի կոչվում։ ԵՄ-ն ուղղակի դադարեցրել է Վրաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը, այսինքն՝ այս գործընթացը սառեցված է։ Իսկ եթե Վրաստանը չեղյալ չհայտարարի «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ապա չի կարողանա անցնել եվրաինտեգրման հաջորդ փուլ՝ ԵՄ-ն մեզ համար չի բացելու բանակցային գործընթացը։ Օրինակ՝ Ուկրաինան ու Մոլդովան արդեն սկսել են բանակցային գործընթացը, սակայն Վրաստանն այս փուլին չի կարող անցնել։ Չկա մեխանիզմ, որով ԵՄ-ն կարող է չեղարկել թեկնածուի կարգավիճակը: Այսինքն՝ մենք թեկնածուի կարգավիճակ ունենք, բայց ավելի հեռուն չենք գնում։
Սա փաստագրված է Եվրոպական խորհրդի որոշման մեջ, որտեղ նրանք գրել են, որ Վրաստանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը դադարեցվել է «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» պատճառով։
– Ի՞նչ կնշանակի այս որոշումը Վրաստանի համար։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացի կասեցումը։
– Իհարկե, եվրաինտեգրման գործընթացի կասեցումն արդյունքն է այն բանի, որ Վրաստանի կառավարությունը փոխել է իր արտաքին քաղաքական կողմնորոշումը, ինչպես նաև երկրի ներսում մի քանի որոշումներ է կայացրել, որոնք նշանակում են հետընթաց ժողովրդավարական զարգացման մեջ։ Այն, ինչ կարող է տեղի ունենալ հետո, անկասկած, աղետալի կլինի Վրաստանի համար։ Գլխավորն այն է, որ Վրաստանը հեռացել է Արևմուտքից՝ ԱՄՆ-ից, ԵՄ-ից, ՆԱՏՕ-ից և մոտեցել Ռուսաստանին ու Չինաստանին, այսինքն՝ ավտորիտար երկրներին։ Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ը սկսել են վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ, նրանք դադարեցրել են Վրաստանի պետական հատվածի աջակցության բազմաթիվ ծրագրեր, ինչը նպաստեց հասարակական կյանքի տարբեր ոլորտների բարեփոխումներին։ Եվ եթե այս նախագծերը չշարունակվեն, սա շատ բացասական ազդեցություն կունենա երկրի ընդհանուր զարգացման վրա։
Բացի այդ, ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ է սահմանել, այսինքն՝ վիզային սահմանափակումներ իշխող կուսակցության մի քանի տասնյակ պաշտոնյաների նկատմամբ և, ըստ ամենայնի, կշարունակի այդ քաղաքականությունը և ֆինանսական պատժամիջոցներ կսահմանի այդ անձանց նկատմամբ։
ԵՄ-ն արդեն դադարեցրել է բազմաթիվ օժանդակ ծրագրեր, և այս միտումը կշարունակվի։ Վրաստանի և ԵՄ-ի հարաբերություններում ոչ մի լավ բան տեղի չի ունենա: Վրաստանի ներգրավվածությունը ԵՄ հովանու ներքո գտնվող տարածաշրջանային նախագծերում կդադարեցվի: ԵՄ-ն կարող է սկսել վերանայել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմը, ինչը շատ ողբալի կլինի Վրաստանի բնակչության համար։
«Ռուսական օրենքի» արդյունքներն են Վրաստանի մեկուսացումն Արևմուտքից, ժողովրդավարական զարգացման հետընթացը, և որ ամենակարևորն է՝ առանց Արևմուտքի աջակցության Վրաստանը մնում է Ռուսաստանի հետ միայնակ։ Ռուսաստանը կարող է մեծացնել իր ազդեցությունը Վրաստանի վրա, իսկ ի վերջո Վրաստանը կրկին կարող է դառնալ վասալ ու մասամբ կորցնել իր անկախությունն ու ինքնիշխանությունը։
– Հնարավորություն կա՞, որ Վրաստանի եվրաինտեգրման գործընթացը կվերսկսվի:
– «Վրացական երազանքի» իշխանությունը սպառել է իր ռեսուրսները եվրաինտեգրման հարցում, և այս հարցում նրանցից լավ բան սպասել չենք կարող։ Միակ հնարավորությունը հոկտեմբերի 26-ին նշանակված ընտրությունների միջոցով ժողովրդավարական իշխանափոխությունն է։ Եթե ընդդիմադիր կուսակցությունները հաղթեն այս ընտրություններում և կարողանան կոալիցիոն կառավարություն կազմել, իսկ «Վրացական երազանքը» դառնա ընդդիմություն, ապա իրական հնարավորություն կա, որ Վրաստանը վերսկսի եվրաինտեգրումը։
– Կառավարության պաշտոնյաները հաճախ դիմում են հակաարևմտյան քայլերի, իսկ հետո բանավոր արտահայտում են երկրի հավատարմությունն եվրոպական ինտեգրմանը և եվրոպական արժեքներին: Ի՞նչ է նշանակում այս երկակի քաղաքականությունը։
– Վրաստանի բնակչությունը հիմնականում արևմտամետ է։ Եթե մենք վերցնենք NDI-ի հասարակական կարծիքի հարցումները, ապա բնակչության մոտ 80%-ը ցանկանում է երկիրը տեսնել ԵՄ կազմում։ Այսինքն՝ նույնիսկ այն մարդիկ, ովքեր ձայն են տալիս «ՎԵ»-ին, արևմտամետ են։ Հետևաբար, երբ «ՎԵ»-ն շրջվեց դեպի Ռուսաստան և արեց ամեն ինչ Արևմուտքի հետ հարաբերությունները վատացնելու համար, նրանք պետք է ինչ-որ կերպ խաբեն հասարակությանը և իրենց ընտրազանգվածի մի մասին։ Դրա համար էլ փորձում են իրավիճակը ներկայացնել այնպես, կարծես ոչինչ չի եղել։ Նրանք նորմալ հարաբերություններ ունեն Արևմուտքի հետ, և ցանկանում են Վրաստանը տեսնել ԵՄ կազմում։ Բայց միևնույն ժամանակ նրանք ապատեղեկատվություն են տարածում, դավադրության տեսություն, որ կա «գլոբալ պատերազմի կուսակցություն», որը ներկայացնում են որոշ արևմտյան տերություններ: Արևմուտքի հանդեպ նրանց արած ռևերանսները կարելի է բացատրել նրանով, որ նրանք գիտեն վրաց հասարակության արևմտամետ տրամադրությունները։
– Ինչպե՞ս կարող են սովորական մարդիկ իրենց վրա զգալ Վրաստանի ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի կասեցման հետևանքները:
– Ծրագրերի մեծ մասը, որոնք Վրաստանի տարբեր կառավարությունները, ներառյալ ներկայիս կառավարությունը, իրականացնում են Վրաստանի քաղաքներում, շրջաններում և վերաբերում են ենթակառուցվածքներին, առողջապահությանը, գյուղատնտեսությանը կամ բնապահպանությանը, դրանք ֆինանսավորվում են ԱՄՆ և ԵՄ երկրների տարբեր գործակալությունների և հիմնադրամների կողմից: Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ ԵՄ-ն արդեն կասեցրել են այդ ծրագրերի մի մասը, եթե ընտրություններից հետո ՎԵ-ն մնա իշխանությունում և շարունակի իր ընթացքը, ապա այդ բոլոր ծրագրերը կդադարեն, և կառավարությանը փող չի մնա ծրագրերը շարունակելու համար նույն տեմպով: Շատ ծառայություններ, որոնք պետությունը տրամադրում է քաղաքացիներին, կչեղարկվեն, և հասարակ մարդիկ չեն կարողանա օգտվել այն արտոնություններից, որոնք նախկինում իրենց տրամադրել է պետությունը։ Այս փուլում սա կարող է հեռավոր թեմա թվալ, սակայն այն կազդի Վրաստանի քաղաքացիների առօրյայի վրա: