Jnews.ge-ը Վրաստանում առկա քաղաքական իրավիճակի, Վարչապետի պաշտոնում Գիորգի Գախարիայի նշանակման և ուժային կառույցների ղեկավարների փոփոխության, տնտեսական ճգնաժամի կապը քաղաքական իրավիճակի հետ և այլնի մասին զրուցել է Բրիտանիայում Վրաստանի նախկին դեսպան, Ռոնդելի հիմնադրամի քաղաքագետ Գիորգի Բադրիձեի հետ:
– Վրաստանում քաղաքական գործընթացները սրվել են, սովորաբար դա տեղի է ունենում ընտրություններից առաջ, ինչո՞վ է դա պայմանավորված:
Դա հիմնականում պայմանավորված է նրանով, որ Իվանիշվիլին զգում է, որ իր դիրքը, իր կառավարության ժողովրդականությունը ամենացածր աստիճանի վրա է, հավանաբար 2012 թվականից ի վեր: Իսկ ամառվա իրադարձությունները, հատկապես հունիսի 20-ին, լարվածության գագաթնակետն էր: Ի դեպ, բոլորովին ավելորդ լարվածության: Եվ այստեղ պարզվեց, որ սրացումները արհեստական են ստեղծվել, որ դա նման էր մի խնդրի, որը Կառավարությունն ինքն էր ստեղծել՝ նախ Գավրիլովի գլխավորությամբ ռուս պատգամավորներին հրավիրելով, իսկ հետո ուժայինների անտեղի, կոշտ արձագանքը երիտասարդների բողոքներին: Ստացվեց գոլ սեփական դարպասը:
– Գախարիայի դեմ անընդհատ գործողությունների ֆոնին, ինչպե՞ս կգնահատեք նրա նշանակումը երկրի ամենակարևոր պաշտոնում:
Դա պայմանավորված է նրանով, որ Իվանիշվիլին ակնհայտորեն ցանկանում է ուժեղ թվալ և միևնույն ժամանակ ցանկանում է ցույց տալ, որ զիջման է գնում է ընդդիմությանը, բայց, ցավոք, դա սովորաբար արագացնում է ձախողումը, խնդիրները դրանից միայն ավելանում են: Մենք հիշում ենք 2012 թվականը, երբ Մերաբիշվիլին նշանակվեց Վարչապետի պաշտոնում, որը այդ ժամանակ ներքին գործերի նախարարն էր՝ ակնհայտորեն հույս ունենալով ուժեղացնել կառավարությունում ուժային կառույցների դիրքերը, բայց դա չի օգնել ընտրությունների ժամանակ: Կարծում եմ, որ նույն բանը տեղի կունենա նաև հաջորդ ընտրություններում, վրաց հասարակության շատ մեծ մասը Գախարիայի վարչապետ նշանակելը համարում է վիրավորանք: Եվ ես վստահ չեմ, որ դա կամրապնդի Իվանիշվիլիի դիրքերը ընտրություններում:
– Ինչ վերաբերում է ուժային կառույցներին, ապա ինչո՞ւ են փոխատեղումներն ու նոր նշանակումները վերաբերում հենց այն նախարարներին, որոնք կապված են այդ կառույցների հետ:
Սա, ի դեպ, շատ հետաքրքիր է, քանի որ տնտեսական իրավիճակը բարելավելու փոխարեն, որը այս պահին լավագույնը չէ: Օրինակ, այս տարի մենք ունենք վրացական տնտեսության մեջ արտաքին ներդրումների ամենացածր մակարդակը: Հավանաբար անկախության ողջ պատմության ընթացքում, բացառությամբ 2009 թ., երբ մի կողմից տեղի ունեցավ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, մյուս կողմից՝ պատերազմին հաջորդող երկրորդ տարին էր: Այնպես որ, տնտեսական խնդիրների վրա աշխատելու փոխարեն, Իվանիշվիլին ակնհայտորեն փորձում է ինչ-որ բան անել այն բանի հետ, ինչը նա համարում է պոտենցիալ քաղաքական անկայունություն: Ինչը, ինչպես ասացի, ինքն է արհեստականորեն առաջացրել, որովհետև 2019 թվականի հունիսին Իվանիշվիլին լավ վարկանիշ ուներ: Կարծում եմ, որ սա սխալ մոտեցում է, օրինակ, հաստատվելուց հետո, պարոն Գախարիան սպառնացել է կամ խոստացել, որ վերջ կտա ՄԱՇ-ին (խմբ. Միացյալ ազգային շարժում): Ընդդիմությունը չեզոքացնելու լավագույն, ամենաարդյունավետ միջոցը ժողովրդի կենսամակարդակի բարելավումն է, տնտեսական և սոցիալական պայմանների բարելավումը և ոչ թե առճակատումը, որին մենք բոլորս սպասում ենք ընտրություններից առաջ՝ առաջիկա մեկ տարվա ընթացքում:
– Որքանո՞վ են լուրջ այդ սպառնալիքները:
Նախ, արդեն իսկ շուրջ 2 տասնյակ մարդ է կալանավորվել բոլորովին անհասկանալի մեղադրանքներով` բողոքի ցույցերին մասնակցելու պատճառաբանությամբ: Սա հուշում է, որ նրանք կփորձեն ավելի խստացնել իրենց գործողությունները: Այնուհետև եկավ քաղաքական ընդդիմախոսների և ազատ լրատվամիջոցների հետապնդման արշավը, ինչ նրանք արեցին «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հետ: Այն, որ կա հարձակում «TV Պիրվելի»-ի և դրա սեփականատերերի վրա նույնպես փաստ է: Բացի այդ, Իվանիշվիլին փորձում է վերացնել այլընտրանքային ֆինանսա-քաղաքական կենտրոնը` ի դեմս Գամղրելիձեի և Ջափարիձեի «TBC Bank»-ի: Ես վստահ չեմ, որ սա լավ ռազմավարություն է ընտրություններում հաղթելու համար:
– Ի՞նչ է նշանակում Ղարիբաշվիլիի վերադարձը քաղաքական ասպարեզ:
Սա, ամենայն հավանականությամբ, վկայում է այն մասին, որ Իվանիշվիլին շատ փոքր փոխարինողների նստարան ունի, նա ստիպված է վերադարձնել այն կերպարներին, ում ինքը աշխատանքից հեռացրեց ոչ այնքան բարձր արդյունավետության պատճառով:
– Ինչպե՞ս է տնտեսական ճգնաժամը կապված քաղաքականի հետ:
Առաջին հերթին, լարին արժեզրկվում է տնտեսական պատճառներով, այն պատճառով, որ Վրաստանում ավելի ու ավելի քիչ են արտաքին ներդրումները, իսկ օտարերկրյա ներդրումները ուղղակիորեն կախված են քաղաքական իրավիճակից: Եթե, օրինակ, օտարերկրյա ներդրողները տեսնեն, որ Անակլիայի նավահանգստի նման խոշոր նախագծին կառավարության վերաբերմունքը այնքան էլ բարեկամական չէ, իհարկե, ներդրումներն այնտեղ չեն գնա: Դա մեկ: Եվ երկրորդ՝ ընդհանուր քաղաքական իրավիճակը Վրաստանում և հաջորդ տարվա կայունության հեռանկարը վրացական կառավարության տնտեսական քաղաքականության հետ մեկտեղ, վճռական գործոն է այն հարցում, թե ներդրողները ներդնելու են իրենց գումարները Վրաստանում, թե՝ ոչ: Այն փաստը, որ դրանք դանդաղեցրեցին և լրջորեն կրճատեցին ներդրումները Վրաստանում, ցույց է տալիս, թե ինչ են մտածում տնտեսական իրավիճակի և հեռանկարների վերաբերյալ:
Քրիստինե Մարաբյան