ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) Վրաստանի իշխանություններին կոչ է արել մանրակրկիտ և անհապաղ հետաքննել հուլիսի 5-ին Թբիլիսիում քաղաքացիական հասարակության ակտիվիստների և լրագրողների վրա «կանխամտածված հարձակումները»: Այս մասին ասվում է ԺՀՄԻԳ հայտարարության մեջ, որը երկուշաբթի օրը տարածվել է Twitter-ում:
«ԺՀՄԻԳ-ը մտահոգված է Թբիլիսիում այսօր տեղի ունեցած բռնություններով, ինչպես նաև ծրագրված խաղաղ հանրահավաքի չեղարկմամբ: Ակտիվիստների, լրագրողների և նրանց գույքի դեմ ուղղված այս դիտավորյալ հարձակումներից յուրաքանչյուրը պետք է անհապաղ և մանրակրկիտ ուսումնասիրվի», – ասված է հայտարարության մեջ:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հետ մեկտեղ՝ Թբիլիսիում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, իրենց մտահոգությունն են հայտնել՝ դիվանագիտական կորպուսը, ԱՄՆ պետքարտուղարությունը, Եվրախորհրդարանի մի քանի անդամներ և եվրոպական երկրների գործող նախարարներ:
Կատարվածը դատապարտել է ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը, ով ընդգծել է, որ «պետությունը պետք է ապահովի և պաշտպանի խոսքի ազատությունը և խաղաղ հանրահավաքները»: Միևնույն ժամանակ, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ բռնությունները որակել է «Վրաստանում ԼԳԲՏՔ+ անձանց հասցեին ուղղված կրկնվող սպառնալիքների տխուր արտահայտում»:
«Իշխանությունները պարտավոր են պահպանել խոսքի և հանրահավաքներ անցկացնելու ազատությունը, ապահովել ցուցարարների և լրագրողների անվտանգությունը և պատժել հարձակումների մեջ մեղավոր անձանց», – Twitter-ում գրել է Միյատովիչը՝ մեկնաբանելով Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունները:
Հուլիսի 5-ին, Ռուսթավելիի պողոտայում հավաքված տարբեր արմատական-պահպանողական կազմակերպությունների ներկայացուցիչներ և աջակիցներ, հոգևորականների հետ միասին, խոստացել էին խանգարել «Արժանապատվության քայլերթին»՝ հասարակական և քաղաքական պահանջներով երթին, որը Tbilisi Pride (Թբիլիսի փրայդ) կազմակերպության հովանու ներքո կազմակերպել էին ԼԳԲՏՔ+ ակտիվիստները:
Հոմոֆոբ ակցիայի մասնակիցները կողոպտել էին «Tbilisi Pride»-ի և նրանց գործընկեր ՀԿ-ների գրասենյակները: Ծեծի էին ենթարկվել իրադարձությունները լուսաբանող տասնյակ լրատվամիջոցների աշխատակիցներ: Արդյունքում՝ «Արժանապատվության քայլերթը» չեղարկվել էր:
Չնայած բռնության բազմաթիվ դեպքերին, ոստիկանության ուժերի ներկայությունն ու մասնակցությունը սակավ էր ողջ օրվա ընթացքում: Հուլիսի 5-ի երեկոյան ՆԳՆ-ն հաղորդել էր, որ վարչական կարգով բերման է ենթարկվել ութ մարդ:
Լրագրողների վրա հարձակման դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «լրագրողների մասնագիտական գործունեությանն ապօրինի խոչընդոտում» և «բռնություն» հոդվածներով: