Հունիսի 28-ին Նինո Լոմջարիան երկուսուկես ամսվա սկանդալներից, ակցիաներից, պահանջներից և մեղադրանքներից հետո այցելեց Նինոծմինդայի Սուրբ Նինոյի անվան մանկատուն: Չնայած նա համարում է, որ այս մոնիտորինգը ուշացած է, քանի որ այնտեղ ընդամենը 15 երեխա է մնացել, սակայն երեխաների թիվը մի քանի անգամ ավելին էր, բայց այս ամբողջ գործընթացն ապարդյուն չէր: Jnews-ի հետ զրույցում Նինո Լոմջարիան խոսել է գործընթացի և արդյունքների մասին:
«Այս պահին այնտեղ աշխատում են սոցիալական աշխատողները: Յուրաքանչյուր երեխայի կարիքները պետք է գնահատվեն, պետք է գնահատվի ընտանեկան դրությունը: Նախևառաջ, եթե հնարավոր է, և դա առաջնահերթություն է, երեխաները պետք է վերադառնան իրենց ընտանիքներ` վերաինտեգրման ծրագրի շրջանակներում: Կամ նրանք պետք է տեղափոխվեն այլընտրանքային պետական խնամքի ձևի: Խոշոր հաստատություններում, ինչպիսին է այս գիշերօթիկ դպրոցը, երեխաների կյանքը չի կարող բավարարել միջազգային չափանիշներին և երեխաների լավագույն շահերին: Հետևաբար, մենք պետք է շարունակենք գործընթացը և երեխաներին տեղավորենք այնպիսի տեղերում, որոնք հնարավորինս մոտ են ընտանեկան միջավայրին», – Jnews-ին ասել է Վրաստանի հանրային պաշտպանը:
Հարցին, թե երեխաների հետ բռնության մասին խոսակցություն եղե՞լ է, և արդյո՞ք նրանք հաստատել են դա, Նինո Լոմջարիան պատասխանեց, որ իրենք դեռ երեխաների հետ այս մասին չեն խոսել:
«Այսօրվա հանդիպումը տեղեկատվական բնույթ ուներ: Մենք ծանոթացանք երեխաների հետ, նրանց պատմեցինք մեր մանդատի մասին: Այսօրվա հանդիպման նպատակն էր շփվել և փոխվստահություն հաստատել»:
Լոմջարիան ինքը, հավանաբար, չի գա մանկատուն հերթական հանդիպմանը, ըստ նրա, իրենց կողմից կգան մասնագետներ, հոգեբաններ և սոցիալական աշխատողներ:
Լոմջարիան համարում է, որ մանկատան ապաինստիտուցիոնալացումը այս գործընթացում լուրջ ձեռքբերում է և հուսով է, որ երեխաների կյանքն ավելի լավը կլինի, քան եղել է:
Նշենք, որ մանկատան շուրջ սկանդալը բռնկվել էր մոտ 2 ամիս առաջ, երբ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ իրեն թույլ չեն տալիս մանկատանը մոնիտորինգ անցկացնել: Դրանից հետո սկսվեցին խոսակցություններ՝ մանկատանը բռնության դեպքերի, ինչպես նաև այնտեղ բազմաթիվ այլ կոպիտ խախտումների մասին: ՄԱԿ-ը Վրաստանի իշխանություններին հանձնարարեց մոնիտորինգ անցկացնել Նինոծմինդայի մանկատանը: Հունիսի սկզբից Նինոծմինդայի մանկատանն աշխատում են տարբեր ծառայություններ և աշխատողներ: Սոցիալական աշխատողները մնում են այնտեղ շուրջօրյա: Մանկատուն այցելել են պատգամավորներ, այս թեմայի շուրջ աշխատելու նպատակով Պատրիարքարանում ստեղծված հանձնաժողովը հատուկ այնտեղ էր աշխատում: Իրենց հերթին, երեխաները հետզհետե տեղափոխվել են այլ վայրեր, այլընտրանքային խնամքի կենտրոններ կամ սեփական ընտանիքներ: Նինոծմինդայի մանկատանը հետաքննվում են բռնության և բռնաբարության դեպքեր: