Ախալքալքում սեպտեմբերից ցրտերն ընկնում են։ Այդ ժամանակվանից մարդիկ արդեն սկսում են մտածել ջեռուցման մասին։ Եթե նախկինում Ախալքալաքի գյուղերում մարդիկ իրենց տները տաքացնում էին հիմնականում փայտի վառարաններով, ապա հիմա մեծ մասը՝ բնական գազով։ Ինչպես Jnews-ը տեղեկացավ գազաբաշխիչ SJGC ընկերությունից, Ախալքալաքում և Նինոծմինդայում ջեռուցման սեզոնին ծախսվում է մոտ 4-5 միլիոն խորանարդ մետր գազ։
«Գազի մեծ քանակ ծախսվում է հոկտեմբերից ապրիլն ընկած ժամանակահատվածում։ Այդ ամիսներին մենք ունենում ենք բավականին մեծ ծախս։ Մեկ ամսվա ընթացքում ենթադրենք ամռանը ծախսվում է մոտ մեկ միլիոն խորանարդ մետր գազ, իսկ ձմռանը՝ 4- 5 միլիոն խորանարդ մետր։ Նայած տարի, թե ձմռանն ինչքան ցուրտ կլինի»,- ասաց գազաբաշխիչ SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը։
Հարցին, թե՞ արդյոք որպես բարձրլեռնային շրջաններ՝ Ախալքալաքում ու Նինոծմինդայում բնական գազի դեպքում հնարավոր է սուբսիդավորում լինի, նա ասաց․
«Դա պետության որոշումն է, և սուբսիդավորում է կառավարությունը, ոչ թե կոնկրետ ընկերությունը։ Ներկա դրությամբ գազի հետ կապված մենք նման որոշում չունենք և մեզ պետությունը չի սուբսիդավորում։ Բարձրլեռնային շրջանների զարգացման օրենքում գրված է, հնարավոր է սուբսիդավորում, եթե գազամատակարարումն իրականացնում է պետական մասնակցությամբ ընկերությունը, ու քանի որ մերն ամբողջությամբ մասնավոր սեփականություն է, դա մեզ չի վերաբերվում»,- ասաց գազաբաշխիչ SJGC ընկերության տնօրենը։
Ինչպես Բերիկյանն ասաց, եթե նայենք տոկոսային հարաբերությանը, ապա Ախալքալաքում և Նինոծմինդայում հավասար չափի է բնական գազ մատակարարվում։
«Գրեթե հավասար են, որովհետև՝ եթե Նինոծմինդան ունի 31 գյուղ, այնտեղից 9-ը գազաֆիկացված չէ, ապա Ախալքալաքը 64 գյուղ, որից 19-ը գազաֆիկացված չէ»։
Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում SJGC ընկերությունը 2024 թվականին ծրագրում է մի շարք նախագծեր իրականացնել՝ գյուղերի գազիֆիկացումից մինչև գազի որակի բարձրացում, որի մասին կարող եք կարդալ այստեղ։