Ստուգայցի նպատակով այնտեղ հայտնվելու մի քանի փորձերից հետո Վրաստանի ՄԻՊ Նինո Լոմջարիան գտնվում է Նինոծմինդայի Սուրբ Նինոյի անվան մանկատանը: Մանկատուն մտնելուց առաջ Լոմջարիան հայտարարել է, որ իրենց առաջարկությունն է յուրաքանչյուր երեխա տեղափոխվի ընտանեկան խնամքի այլընտրանքային ձևի, քանի որ մանկատունը փակ ռեժիմում է գտնվում:
«Ընդհանուր առմամբ, մենք գիտենք, որ մանկատունը գտնվում է փակ ռեժիմում: Մեր առաջարկությունն է, որ յուրաքանչյուր երեխա տեղափոխվի խնամքի այլընտրանքային ձևի: Քանի որ այս պայմաններում նրանք ապրում են այն մանկավարժների հետ, ովքեր մաս են կազմել այդ սխալ, բռնի միջավայրի: Սա չի մտնում երեխայի շահերի մեջ», – մանկատան մուտքի մոտ ասել է Նինո Լոմջարիան:
Դեռ հունիսի 17-ին, Բոդբեի եպիսկոպոս Յակոբը և Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան հանդիպել էին` քննարկելու Նինոծմինդայի մանկատան խնդիրները: Հենց այս հանդիպմանն էր համաձայնություն ձեռք բերվել, որ մանկատան ղեկավարը՝ Բոդբեի եպիսկոպոսը, Գերաշնորհ Յակոբը և Հանրային պաշտպանը միասին կայցելեն մանկատուն:
Նշենք, որ մանկատան շուրջ սկանդալը բռնկվել էր մոտ 2 ամիս առաջ, երբ ՄԻՊ-ը հայտարարել էր, որ իրեն թույլ չեն տալիս մանկատանը մոնիտորինգ անցկացնել: Դրանից հետո սկսվեցին խոսակցություններ՝ մանկատանը բռնության դեպքերի, ինչպես նաև այնտեղ բազմաթիվ այլ կոպիտ խախտումների մասին: ՄԱԿ-ը Վրաստանի իշխանություններին հանձնարարեց մոնիտորինգ անցկացնել Նինոծմինդայի մանկատանը: Հունիսի սկզբից Նինոծմինդայի մանկատանն աշխատում են տարբեր ծառայություններ և աշխատողներ: Սոցիալական աշխատողները մնում են այնտեղ շուրջօրյա: Մանկատուն այցելել են պատգամավորներ, այս թեմայի շուրջ աշխատելու նպատակով Պատրիարքարանում ստեղծված հանձնաժողովը հատուկ այնտեղ էր աշխատում: Իրենց հերթին, երեխաները հետզհետե տեղափոխվել են այլ վայրեր, այլընտրանքային խնամքի կենտրոններ կամ սեփական ընտանիքներ: Նինոծմինդայի մանկատանը հետաքննվում են բռնության և բռնաբարության դեպքեր: