Երբ գյուղերում հետաքրքրություն չկա, զարգացման համար ոչինչ չկա, այդժամ հայտնվում են մարդիկ, ովքեր փորձում են փոխել սև ու սպիտակ իրականությունը։ Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փարվանա գյուղի ուսուցիչ Մանուշակ Մկրտչյանը կարգի է բերել գրադարանի հին շենքը և երեխաներին այնտեղ անվճար սովորեցնում է վրացերեն։
Մինչև 2010 թվականը Փարվանա գյուղ հասնելը շատ դժվար էր՝ ճանապարհ չկար։ Չնայած այն հանգամանքին, որ գյուղ տանող ճանապարհն ասֆալտապատ է, սակայն սոցիալական այլ խնդիրներ դեռ լուծում չեն ստացել։ Պետական լեզվի չիմացության և դրան հաջորդած վրաց հասարակությանն ապաինտեգրման խնդիրը դեռևս արդիական է։
Մինչ Մանուշակը երեք հերթափոխով դասավանդում էր դպրոցում, նրա ավագ դուստրը՝ 8-րդ դասարանցի Շուշանիկը, մեզ տարավ այնտեղ, որտեղ Մանուշակն անցկացնում է գրեթե իր ամբողջ ազատ ժամանակը։ Ակտիվ աշխատանքում նրան օգնում է ամբողջ ընտանիքը՝ սկսած ամուսնուց, սկեսուրից, ընդհուպ մինչև երեխաները։ Մինչ մենք սպասում էինք Մանուշակին, արդեն հասուն Շուշանիկը մեզ պատմեց, թե ինչ է անում մայրը և ինչու։
«Երբ մայրս սկսեց դասերը, ես չէի ուզում, որ նա դա անի: Ինձ թվում էր, որ այդ ամենն անիմաստ է: Երեխաները չէին ցանկանա: Բայց կար ոգեշնչում, ինձ դա սկսեց դուր գալ: Եվ երբ ես և մայրս սկսեցինք գնալ տարբեր տեղեր, ծանոթանալով տարբեր մարդկանց հետ, և իմ շրջապատը սկսեց մեծանալ, այդ պահից ես սկսեցի ավելի շատ հետաքրքրվել մայրիկիս գործով»,- պատմում է Շուշանիկը նախկին գրադարան տանող ճանապարհին։
Մանուշակ Մկրտչյանի վրացերենի դասավանդման վայրը նախկին գրադարանի կիսավեր շենքն է, 2 սենյականոց փայտե տունը։ Մեկում սեղան ու աթոռներ են, սենյակը զարդարված է թղթե դրոշակներով, պատին երեխաների աշխատանքներն են ու նրանց նվիրած գրքերը։ Մեկ այլ սենյակում մի հսկայական տրակտորային անիվ է դրված՝ ծածկված վերմակներով, հին սեղանով և հին աթոռներով։ Փոքր պատուհանը լուսավորում է մոխրագույն սենյակը, հատակի տակից փչում է: Կարենը՝ Մանուշակի ամուսինը, վառել է վառարանը, քանի որ սենյակը ջեռուցելու այլ տարբերակ չկա, գյուղը գազաֆիկացված չէ։
Մանուշակը դասերը սկսել է իր տանը, բայց երբ 20-ից ավելի ցանկացողներ եղան, ստիպված էր այլ տեղ գտնել։ Եվ այդպիսի վայր դարձավ գրադարանի շենքը, որը 30 տարի չէր շահագործվում։
«Սկզբում այստեղ գրադարան էր, բայց այն սարսափելի վիճակում էր: Մենք՝ որպես կամավորներ, մաքրեցինք, մի քիչ կարգի բերեցինք: Հետո սկսեցինք հավաքվել այստեղ: Մենք ապրում ենք մի տեղ, որտեղ շատ զբոսաշրջիկներ են գալիս, և երբ մենք սկսում ենք ռուսերեն խոսել, նրանք մեզ չեն պատասխանում: Ինչ-որ չափով մենք հասկանում ենք նրանց, քանի որ մենք, ապրելով այս երկրում, չգիտենք պետական լեզուն: Մենք բոլորս այստեղ հայեր ենք, և չկա մեկը, ում հետ կարող ես խոսել վրացերեն, որ սովորես: Ուստի մայրս որոշեց երեխաների հետ պարապել»,- պատմում է Շուշանիկ Մկրտչյանը։
Մինիմալ կահույք հավաքեցինք, տվեցին գյուղացիները և մեր տանից բերեցինք ու կահավորեցինք։
Մանուշակ Մկրտչյանն ընդգրկվել է «Ուսուցչի ազգային մրցանակ 2023»-ին առաջադրված լավագույն ուսուցիչների տասնյակում։ Նրա հետ լավագույն ուսուցիչների տասնյակում հայտնվածները նույնիսկ չգիտեին Փարվանա գյուղի մասին։ Այդ ժամանակվանից նրանց հաճախ սկսեցին վրացերեն գրքեր կամ գրենական պիտույքներ ուղարկել։ Բայց «կրթական կենտրոնը» (ինչպես երեխաները անվանում են նախկին գրադարանը) կարգի բերելու կամ նոր շենք կառուցելու համար դեռ լուրջ օգնություն չկա։
«Մեծ գյուղերում նույնիսկ, ինչպիսին հարևան Փոկան է, նորմալ ուսումնական կենտրոններ չկան, մեր գյուղում կենտրոն ունենալու մասին չենք էլ կարող երազել, նորմալ դպրոց էլ չունենք, կենտրոն պետք է սարքե՞ն, ինչ-որ տեղ նույնիսկ ծիծաղելի է»,- ասաց Շուշանիկը։
Շուշանիկը պատմում է, որ իրենց երիտասարդական կենտրոնի մասին իմանում են լրատվամիջոցներից, ովքեր այստեղ գալիս են Մանուշակի մասին պատմելու, և բոլորն իրենց հետ ինչ-որ բան են բերում որպես օգնություն. «Դժվար թե ինչ-որ բան ստացվեր, եթե մարդիկ մեզ չօգնեին»,- ասում է Շուշանիկը։
Մանուշակը, չունենալով մանկավարժական կրթություն, իր համառության ու տքնաջան աշխատանքի շնորհիվ հասել է ավագ ուսուցչի կարգավիճակի։
«Ես գիտեի վրացերենը, տնօրենն ինձ հնարավորություն տվեց աշխատելու: Աշխատելու ընթացքում փորձ ձեռք բերեցի և ընկերների, վրացի ուսուցիչների օգնությամբ սկսեցի ավելի ակտիվ պարապել և միևնույն ժամանակ հանձնեցի քննությունները և դարձա ավագ ուսուցիչ: Այն հանգամանքը, որ ես չունեի բարձրագույն կրթություն, ինձ համար խնդիր չդարձավ, ուղղակի ես հնարավորություն ունեի»,- ասում է Մանուշակը։
Հարցին, թե ինչու է նա որոշել ակտիվ լինել, նա ժպտաց ու ասաց. «Ինչու՞ եմ ես ակտիվ, որովհետև մանկուց սիրել եմ վրացերենը: Ինքս եմ սովորել այս լեզուն: Ես այս ընթացքում շատ դժվարություններ եմ ունեցել, շատ խնդիրներ: Այն ժամանակ մենք նույնիսկ ինտերնետի հնարավորություն չունեինք: Ես դժվար ճանապարհ եմ անցել, ուստի ուզում էի մոտ լինել աշակերտներիս, քանի որ սա ցավոտ թեմա է, որ մեր գյուղում լավ չեն խոսում վրացերեն, փորձում եմ մեր գյուղին կյանք տալ, քանի որ գյուղը հանգչում է: Ուզում եմ գույներ ավելացնել գյուղին: Իմ աչքերով իմ գյուղը սև ու սպիտակ է: Ես ուզում եմ այն գունավոր դարձնել: Եվ սրան ուզում եմ հասնել իմ աշակերտների և ծնողների օգնությամբ, բոլորն իմ կողքին են», – ասում է Մանուշակը։
Մանուշակը վստահ է, որ ամեն ինչ կարելի է փոխել, եթե գյուղը գազաֆիկացնեն, եթե տեղական իշխանությունները ուշադրություն դարձնեն գյուղին, լինի դպրոց ու ճանապարհներ և այլ տարրական կենցաղային պայմաններ։ Չնայած գեղատեսիլ բնապատկերներին՝ այստեղ կյանքը դժվար է, իսկ բնակչության արտահոսքը՝ մեծ։ Մասամբ կա մեղքի բաժինը նաև այն պայմանների, որոնցում ապրում են տեղի բնակիչները։ Հարևան Ասպարան արդեն դատարկ է, եթե պայմանները չբարելավվեն, նույն ճակատագիրն է սպասվում այս գյուղին, ինչպես կարծում են տեղի բնակիչները և ինքը՝ Մանուշակը։