Այսօր լուսադեմին Խուլգումո գյուղում անջատվել է ջրամատակարարումը, և ինչպես բնակչությանը տեղեկացրել է Խուլգումո գյուղի մասնագետը՝ հնարավոր է երկու օր գյուղում ջուր չլինի։ Ջրամատակարաարումը դադարեցվել է, քանի որ հին խողովակները փոխարինվում են նորերով։

Բնակիչներին անհանգստացնում է ամռան այս շոգին երկու օր ջուր չունենալու խնդիրը: JNEWS-ը փորձեց Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սերվիս կենտրոնից տեղեկանալ, թե կոնկրետ ինչքան ժամանակ ջուր չի լինի։

«Ոչ ոք դեռ չգիտի, թե ինչքան ժամանակ չի լինի ջուր, կարող է երկու օր չլինի, կարող է մեկ, խողովակների վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Խուլգումոյի ջուրը միացրած է Դիլիսկայի ջրագծին, իսկ Դիլիսկայի ջրատարն էլ Մաջադիա գյուղի մոտից մինչև ձորի ափամերձ տարածք կփոխվի։ Նոր խողավակներն արդեն պատրաստ են, մնում է կատարել միացման աշխատանքները, որն էլ բավականին աշխատատար գործ է։ Հնարավոր է մեկ օրում ավարտվի աշխատանքները, մենք գյուղացիներին գյուղապետերի միջոցով տեղեկացրել ենք ջուր չլինելու մասին։ Կարող է երկու օր տևի, բայց լավ գործի համար է», – ասաց Գիորգի Վախտանգիշվիլին, Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սերվիս կենտրոնի տնօրենի պաշտոնակատարը։

Խողովակների վերանորոգման աշխատանքները իրականացնում է IC ընկերությունը։ Հիդրոէլեկտրոկայան կառուցող ընկերությունից Դիլիսկայի բնակիչները պահանջել են, որպեսզի մի օգտակար գործ անեն գյուղի համար, քանի որ իրենց գյուղի տակն են կառուցում ՀԷԿ-Ը, և IC ընկերության ներկայացուցիչները համաձայնել են Դիլիսկայի բնակիչների առաջարկին և վերանորոգում են ջրատար խողովակները: Ջրատար համակարգի վերանորոգման աշխատանքներն իրականացնում են IC ընկերությունը, Ախալքալաքի մունիցիպալիտետը և Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության Ախալքալաքի սերվիս կենտրոնը։