Ախալքալաքում գիշերվա ժամը 00:00-ից հետո կամ մարդիկ չպետք է հիվանդանան, որ դեղորայքի կարիք չզգան, կամ յուրաքանչյուր տեսակի դեղորայք պետք է ունենան տանը, քանի որ այդ ժամին քաղաքում բաց դեղատուն հնարավոր չէ գտնել։

Ախալքալաքում թվով 11 դեղատուն կա, որոնցից մեկն իր աշխատանքային ժամը սկսում է առավոտյան ժամը 06։00-ից, իսկ մյուսները 09։00-ից և սահմանափակում իրենց աշխատանքը տարբեր ժամերի, սկսած՝ 19։00-ից մինչև՝ 21։00, 21։30, 22։00 ու 24։00-ն։

Արդեն կեսգիշերին Ախալքալաքում չի գտնվի բաց դեղատուն, սակայն կան այնպիսի սեփականատերեր, ովքեր կբացեն դեղատունը, եթե շատ շտապ է հարկավոր։

«Ավերսի» դեղատների ցանցից երեք դեղատուն է գործում քաղաքում, որոնցից ընդամնեը մեկը մինչև 2020 թվականի նոյեմբերի վերջ աշխատել է 24-ժամյա ռեժիմով, այնուհետև կադրերի բացակայության պատճառով դադարել է գործել 24-ժամյա ռեժիմով։

Աշխատակիցները նշում են, որ երբ աշխատել են 24-ժամյա ռեժիմով իրոք պահանջը եղել է, և ներկա դրությամբ էլ շատ կա։ Նրանք նույնպես ցանկանում են, որ դեղատունը նորից սկսի գործել շուրջօրյա։

Ինչպես տեղեկացանք «Ավերսի» դեղատների ցանցից, նախատեսվում է դեղատունը կրկին դարձնել 24-ժամյա, բայց երբ դեռ չեն կարող ասել։

Թե քաղաքի, թե գյուղերի բնակիչների պահանջ/խնդրանքն է, որ գոնե մի դեղատուն գործի շուրջօրյա։

«Եղել է դեպք, որ փոքր երեխաս դեղի կարիք է ունեցել գիշերվա ժամը 01։00-ին, այստեղ ոչ մի դեղատուն չգտա բաց, բախտս բերեց ընկերս գալիս էր Թբիլիսիից, զանգեցի արդեն հասել էր Բորժոմի և այնտեղից բերեց։ Ընկերս, որ չլիներ այնտեղ ի՞նչ էի անելու, էլ ինչո՞ւ են կոչվում դեղատուն, եթե պետք եկած ժամանակ փակ են, եթե ինչ-որ մեկին շատ անհրաժեշտ է, այն էլ այս վարակի ժամանակ ու փակ են», – ասում է Խանդո գյուղի բնակիչը։

Եղել է նաև այնպիսի դեպք, որ ուշ ժամի դեղորայք է հարկավոր եղել և Ախալքալաքի բնակիչները ստիպված հասել են Ախալցիխե։

Արդյո՞ք մոտակա ժամանակներում Ախալքալաքում կգործի գոնե մեկ 24-ժամյա դեղատուն, ցույց կտա ժամանակը: