Խուլգումո գյուղում վեց տարի է մանկապարտեզը շենք ունի, սակայն մինչ օրս այն չի գործում: Անցած տարի կարծես գտնվեց միակ խնդիրը, ինչի պատճառով շենքը օգտագործման չէր հանձնվում։ Ըստ պատասխանատուների 2020 թվականի փետրվար ամսին մանկապարտեզը պետք է բացվեր, սակայն բացումը կրկին հետաձգվում է անորոշ ժամանակով:
Խուլգումոյի մանկապարտեզի շենքը ձեռք է բերվել դեռ 2014 թ.-ին, Օգնություն գյուղին ծրագրի շրջանակներում: Տարիներ շարունակ բարեկարգման տարբեր աշխատանքներ են տարվել, սակայն մինչև հիմա շենքը շահագործման ենթակա չէ: Պատճառը ջրի բացակայությունն էր, սակայն կան էլի կիսատ գործեր, օրինակ շենքը չունի պահեստ:
Նախակրթարանի շենքը գնվել է 32 000 լարիով: Վեց տարվա ընթացքում մանկապարտեզի վերանորոգման համար ծախսվել է` 16 000, 24 000, 42 000 և 2 700 լարի գումար, բայց միևնույնն է խնդիրներն անվերջանալի են։ Չնայած այն հանգամանքին, որ մանկապարտեզը նախատեսել էին բացել անցյալ տարվա աշնանը, այն դեռ փակ է։
Ըստ պատասխանատուների 2019 թվականին մանկապարտեզի չգործելու միակ խնդիր համարվում էր ջրի բացակայությունը: Ջրի բացակայության պատճառն արդեն հայտնի է, մնում է տենդեր-մրցույթ հայտարարել, որպեսզի համապատասխան աշխատանքներ իրականացվեն։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատրյանը Jnews-ի հետ զրուցում տեղեկացրեց, որ դեռ կոնկրետ օր չեն կարող նշել, թե երբ կբացվի մանկապարտեզը։
«Ջրի հարցը դեռ լուծված չէ, ճիշտ է ուղին և խնդիրն արդեն գտել ենք, սակայն էլի խնդիրներ ունենք, մանկապարտեզում պահեստ չկա, պետք է կառուցենք։ Այդ խնդիրների լուծման համար քաղաքապետարանը գումար է նախատեսել: Սակայն այս բոլոր խնդիրները լուծելու համար պետք է հայտարարել տենդեր-մրցույթ։ Մանկապարտեզում արդեն գույք ունենք, սակայն, երբ կբացենք կոնկրետ չեմ կարող ասել», – ասաց Անահիտ Ասատրյանը։
Ըստ Ասատրյանի՝ ջրի խնդիրը հիմա հնարավոր չէ լուծել, քանի որ գետինը սառած է, պետք է ձյունը հալի, որ հնարավոր լինի փորել։
Հիմա Խուլգումոյի նախադպրոցական տարիքի երեխաները հաճախում են հարևան՝ Կուլիկամ գյուղի, Ախալքալաքի թիվ 3 և թիվ 1 մանկապարտեզներ։
Նոր բացվող մանկապարտեզում աշխատելու համար պատրաստ են գյուղացիները, ովքեր ըստ իրենց ունեն համապատասխան կրթություն։ Սակայն Մանկապարտեզների միավորումը դեռ թափուր հաստիք չի կարող հայտարարել, քանի որ բացման կոնկրետ օր չգիտեն։
Խուլգումոյի մանկապարտեզը կբացվի 2020 թվականին
Խուլգումոյի մանկապարտեզի բացումը հետաձգվում է ջրի պատճառով
Խուլգումոյի մանկապարտեզի բացումն ուշանում է
Խուլգումո գյուղի մանկապարտեզի ջուրն անհետացել է
Գայանե Ակոջյան