Գարիկ Գալստյանն Ախալքալաքի թիվ 1 (Հովհաննես Թումանյանի անվան ) դպրոցի շրջանավարտ է, ոսկե մեդալի հավակնորդ: Քաղաքացիական ակտիվ երիտասարդը որոշել է դառնալ պլաստիկ վիրաբույժ, որպեսզի օգնի մարդկանց ավելի վստահ զգալ հասարակության մեջ: Նա վստահ է իր ընտրության ու հաջողության հասնելու մեջ:
Գարիկ Գալստյանը հպարտ է, որ դպրոցում ոսկե մեդալ է ստանալու: Ցածր դասարաններում նա վատ էր սովորում, բայց հետո, երբ գիտակցեց, որ ուզում է հասնել փառքի, լավ աշխատանք գտնել, ճանաչվածություն ձեռք բերել, փոխեց իրեն: Նա սկսեց ավելի շատ աշխատել ինքն իր վրա, և արդեն 10-րդ դասարանում բոլոր առարկաների գնահատականները 10 միավոր էին:
«Ես չեմ ուզում նմանվել որևէ մեկի, ես ուզում եմ դառնալ այն մարդը, ում կուզենային նմանվել ուրիշները», – ասում է նա:
Դասընկերները զարմանում էին նրա ակտիվության վրա: Գարիկին չհաջողվեց համոզել իր դասընկերներին, որպեսզի նրանք էլ մասնակցեին նախագծերին, որոնցում նա ակտիվորեն ներգրավված էր:
«Ես գիտեի, որ պետք է դուրս գալ այս իրավիճակից: Ես կարողացա, եթե ուզում ես ինչ-որ բանի հասնել, պետք է անցնես դժվարությունների միջով: Ոչինչ հեշտ չի տրվում: Ինձ օգնեց այն, որ ես «դուրս եկա» Ախալքալաքից, սկսեցի մասնակցել նախագծերի, շփվեցի այլ քաղաքների երիտասարդների հետ: Թբիլիսիի իմ ընկերներն ինձ շատ օգնեցին: 15 տարեկանից ինձ առանձնապես չի հուզում ուրիշների կարծիքը: Չնայած, եթե այդ կարծիքն իմ օգտին է, ես հաշվի եմ առնում այն, եթե ոչ, ես ուշադրություն չեմ դարձնում», – ասում է Գարիկը:
Գալստյան Գարիկը տիրապետում է վրացերեն և անգլերեն լեզուներին, աշխատում է իր գիտելիքները բարելավելու ուղղությամբ: Նա կարծում է, որ ոսկե մեդալն իր կյանքում մեծ նշանակություն ունի:
Գարիկը ոչ միայն լավ է սովորում, այլեւ 14 տարեկանից ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ: Նա մասնակցել է ավելի քան 20 նախագծերի, թրեյնինգներ է անցկացրել ՆԱՏՕ, Եվրամիություն, բնապահպանություն, կրթության զարգացում և այլ թեմաներով: Որպես ակտիվ երիտասարդ, հունիսի 27-ին, կրթական նախագծի շրջանակներում, նա կմեկնի Լիտվա: Ամբողջ Վրաստանից մեկնում է 4 մարդ, որոնցից մեկը Գարիկն է: Նա շատ հպարտ է նրանով, ինչին հասել է իր ակտիվ հասարակական կյանքի շնորհիվ:
Մանկուց Գարիկը երազում էր դառնալ պլաստիկ վիրաբույժ: Նրա ընտրությանը հավանություն են տալիս տատիկը, մայրը և վերջերս նաև հայրը: Տատիկը մանկուց սովորեցրել է նրան սրսկումներ կատարել և չափել արյան ճնշումը: Նա իրեն տեսնում է բժշկության մեջ և երազում է սովորել, աշխատել և ապրել Ամերիկայում: Նա իր առաջին պլաստիկ «փորձը» կանցկացնի տարեցների վրա:
«Ես միշտ ցանկացել եմ իմ շրջապատում տեսնել ավելի գեղեցիկ մարդկանց, կան մարդիկ, ովքեր դժգոհ են իրենց արտաքինից, կցանկանամ օգնել նրանց փոխվել, որպեսզի հասարակության մեջ իրենց լավ զգան: Նրանք հասարակության համար խնդիր չեն, պարզապես իրենք իրենց ավելորդ են զգում այնտեղ: Կոմպլեքսավորվում են, մտածում են, որ տարբերվում են մյուսներից », – ասում է Գարիկը:
Գարիկը նույնպես իրեն համարում է մյուսներից տարբերվող:
«Երբ տեսնում ես, որ հասարակությունից տարբերվում ես, ապա դա խնդիր է: Ես նույնպես տարբերվող եմ, բայց դա ինձ համար խնդիր չէ, ես կոմպլեքսներ չունեմ, ազատ եմ, միշտ արել եմ այն, ինչ մտածել եմ: Բացարձակապես հաշվի չեմ առել ուրիշների կարծիքը», – ասում է Գարիկը:
Գարիկի ընկերուհին նույնպես երազում է դառնալ պլաստիկ վիրաբույժ:
«Ես այդքան էլ վստահ չեմ, որ նա կդառնա իմ կյանքի ուղեկիցը, սակայն, այսօր մենք համակրում ենք միմյանց, նա միշտ աջակցում է ինձ», – ասաց Գարիկը:
Ուսումնառությունից հետո Գարիկը չի ցանկանում վերադառնալ Ախալքալաք: Վաղ տարիքից նա ամեն ինչ անում էր, որ հեռանար ու հաստատվեր մեկ այլ վայրում, որտեղ ավելի շատ հնարավորություններ կան …