Հայաստանի Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության պատգամավորները հանդիպումներ են ունեցել Վրաստանի Խորհրդարանի տարբեր կուսակցությունների հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը երկուստեք ներկայացրել և ծանոթացրել են միմյանց ծրագրերին ու քաղաքական դիրքորոշումներին:

Ինչպես գրում է yerkir.am-ը, ապրիլի 25-ին և 26-ին, նախապես պայմանավորված ծրագրով Վրաստանում են եղել ՀՅԴ խմբակցության պատգամավորները: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին և առկա խնդիրներին:

«Քննարկել են համագործակցության տարբերակներ, ներկայացրեցինք բոլոր հանդիպումների ժամանակ հայ համայնքին և Ջավախքին առնչվող խնդիրներ, մեր անհանգստությունը հայտնեցինք, որ «Միացյալ ազգային շարժում»-ը վերջին իրադարձությունների ֆոնին Արցախի հետ կապված միակողմանի հայտարարություններ էր կատարել», – նշել է Աղվան Վարդանյանը:

Վերջինս կարևորելով երկու հարևան երկրների դրական հարաբերությունները՝ խորհրդարանական և միջկուսակցական մակարդակով ասել է. «Չափազանց կարևոր է Վրաստանի և Հայաստանի հարաբերությունները նաև այս` պառլամենտական, միջկուսակցական մակարդակով ամրապնդելը, միմյանց ճանաչելը, միմյանց հետ մտքեր փոխանակելը` տարածաշրջանի հետ կապված և մեր երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, Վրաստանում բնակվող հարյուրհազարավոր հայրենակիցների իրավունքների պաշտպանության առումով»,- եզրափակել է Աղվան Վարդանյանը:

Հայաստանի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամները հանդիպումներ են ունեցել՝ «Վրացական երազանք», «Ժողովրդավարական Վրաստան», «Միացյալ ազգային շարժում», «Մեծամասնականներ», «Ռեգիոններ», «Միասնական Վրաստան», «Ազատ դեմոկրատներ», «Ազգային ֆորում» և այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ավարտին Դաշնակցության անդամները այցելել են նաև Խոջիվանք և ծաղիկներ խոնարհել հայոց մեծերի շիրիմներին: