Մարտի 20-ին ամբողջ աշխարհը նշում է Երջանկության միջազգային օրը:
Աշխարհի ամենաերջանիկ երկրների ամենամյա վարկանիշն ընդգրկվել է Համաշխարհային երջանկության 2021 թ.-ի զեկույցում, որը պատրաստվել է անկախ փորձագետների կողմից` հիմնվելով Gallup-ի և այլ կազմակերպությունների տվյալների վրա։
Համաշխարհային համաճարակն ամբողջ աշխարհում ազդել է կյանքի գոհունակության վրա, և փոխվել է երջանկության տարբեր գործոնների նշանակությունը. Օրինակ՝ եկամտի ազդեցությունը նվազել է, իսկ զույգով ապրելու առավելությունը միայնակակության համեմատ մեծացել է:
10 ամենաերջանիկ երկրների շարքում առաջին տեղում Ֆինլանդիան է, որին հաջորդում են՝ Իսլանդիան, Դանիան, Շվեյցարիան, Նիդեռլանդները, Շվեդիան, Գերմանիան, Նորվեգիան, Նոր Զելանդիան և Ավստրիան:
ԱՄՆ-ը 14-րդ տեղում է, Մեծ Բրիտանիան՝ 18-րդ, Ֆրանսիան՝ եզրափակում է երկրորդ տասնյակը: Չինաստանը 52-րդն է, իսկ Ռուսաստանը՝ 60-րդը:
Հարավային Կովկասի ամենաերջանիկ երկիրը Վրաստանն է, որը 73-րդ տեղում է, Հայաստանը՝ 86-րդ, իսկ Ադրբեջանը՝ 90-րդ:
Փորձագետները նշել են, որ երջանկության համար վստահությունն ու ուրիշների վրա հույսը դնելու հնարավորությունը, հատկապես ճգնաժամերի պայմաններում, նույնիսկ ավելի կարևոր են, քան եկամտի մակարդակը, գործազրկությունը և առողջության լուրջ ռիսկերը: Ֆիզիկական հեռավորությունն ու ինքնամեկուսացումը լուրջ խնդիր են ստեղծել սոցիալական կապերի համար, որոնք նույնպես կենսական նշանակություն ունեն երջանկության համար:
Զեկույցում ասվում է նաև, որ համավարակի պատճառով աշխարհի շատ երկրներում կտրուկ վատթարացել է հոգեկան առողջությունը:
Երջանկության միջազգային օրն այն օրն է, երբ պետք է երջանիկ լինել: 2013 թվականից ի վեր ՄԱԿ-ը նշում է այս օրը` ճանաչելու երջանկության կարևորությունն ամբողջ աշխարհի մարդկանց կյանքում: 2015-ին Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունել է Կայուն զարգացման 17 նպատակ, որոնք բարգավաճման և երջանկության երեք կարևոր նախադրյալներն են՝ արմատախիլ անել աղքատությունը, նվազեցնել անհավասարությունը և պաշտպանել մեր մոլորակը:
Բանաձեւն ընդունվել է Բութանի նախաձեռնությամբ, որը 1970-ականների սկզբից ճանաչել է ազգային երջանկության գերակայությունը՝ ազգային եկամտի նկատմամբ: