Վրաստանի զինված ուժեր զորակոչված էթնիկ փոքրամասնությունների համար այսօրվանից մեկնարկում է վրացերեն լեզվի ուսուցման ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի Պաշտպանության նախարարությունը:

Դասընթացները, որոնք կվարեն Զուրաբ Ժվանիայի անվան հանրային կառավարման դպրոցի ուսուցիչները, կանցկացվեն «Խցիսի» 1-ին բրիգադի դաշտային վերապատրաստման բազայում:

Երկրի պետական լեզվի ուսուցման ծրագրում ներգրավված են ազգությամբ 82 ադրբեջանցի և 41 հայ զինծառայողներ: Կրթական գործընթացը սկսվել է այսօր և կտևի 7 շաբաթ:

Ծրագրի շրջանակներում զինծառայողները կծանոթանան պետական լեզվի հիմունքներին, կկարողանան գրել, կարդալ և խոսել վրացերենով, այդ թվում կտիրապետեն պաշտոնական նամակների և փաստաթղթային լեզվին:

Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան պետական լեզվի իմացության վկայագրեր:

Ուսումնական ծրագիրը նպատակ ունի Վրաստանի քաղաքացի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել տիրապետել պետական լեզվին:

Վրաստանի Պաշտպանության նախարարությունը ակտիվորեն աշխատում է զինված ուժերում ազգային փոքրամասնությունների ինտեգրման ուղղությամբ: Այս ծրագիրը կօգնի նաև նրանց շարունակելու իրենց կարիերան զինված ուժերում:

Ծրագիրն իրականացվում է Վրաստանի Պաշտպանության նախարարության կողմից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Աղբյուրը՝ Aliq.ge