Խորհրդարանական մեծամասնությունն առաջադրել է Մամուկա Բախտաձեի թեկնածությունը և թիմը միաձայն կողմ է քվեարկել նրա թեկնածությանը:
Վրաստանի վարչապետի պաշտոնում խորհրդարանական մեծամասնությունն առաջադրել է Վրաստանի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեին:
«Սահմանադրության համաձայն, խորհրդարանական մեծամասնությունը որոշել է Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել Մամուկա Բախտաձեին: Թիմը միաձայն աջակցել է նրա թեկնածությանը: Վստահ եմ, որ Մամուկա Բախտաձեի ղեկավարությամբ Վրաստանի կառավարությունը հաջողությամբ կապահովի երկրի առաջընթացը», – հայտարարել է մեծամասնության առաջնորդ Արչիլ Տալակվաձեն:
Ծնվել է 1982 թ.-ի հունիսի 9-ին: Բարձրագույն կրթություն է ստացել Թբիլիսիի պետական և Տեխնիկական համալսարաններում: Մագիստրատուրան ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում 2010 թվականին: Ստացել է INSEAD (Ֆրանսիա) բիզնես-դպրոցի և բիզնես- կառավարման մագիստրոսի որակավորում: Տեխնիկական գիտությունների դոկտոր է:
2017 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր Վրաստանի ֆինանսների նախարար է:
2013 թ. ապրիլից մինչ 2017 թ. նոյեմբերի 13-ը զբաղեցրել է ԲԸ «Վրացական երկաթուղիներ» գլխավոր տնօրենի պաշտոնը:
2010-2012 թվականներին` Վրաստանի միջազգային էներգետիկ կորպորացիայի գլխավոր տնօրենի պաշտոնն է զբաղեցրել
2007-2008թթ. “Ռչեուլի” Հյուրանոցային ցանցի վերահսկիչ խորհրդի անդամ է(այս ցանցի սեփականատերը եղել է Մայա Ռչեուլիշվիլին, “Փոյնթ Ինվեստ Կենտրոն” ընկերության սեփականատերը):
2007 թ. “Փոյնթ Ինվեստ Կենտրոն”-ի տնօրեն (կենսագրության այս հատվածը «բաց է թողնված» Վրաստանի ֆինանսների նախարարության կայքում)
2005-2006թթ. – «Վրացական երկաթուղիներ» նախագծի մենեջեր:
Նշենք, որ 2012 թվականին նա եղել է «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության նվիրաբերողներից մեկը: Այդ ժամանակ Բախտաձեն ընտրությունների ժամանակ ՄԱՇ-ին է նվիրաբերել 20 000 լարի: