Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման ամբողջական կուրսն անցել է 237 149 մարդ, ինչը կազմում է երկրի ընդհանուր բնակչության մոտավորապես 6,3%-ը: Այս մասին հաղորդում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Հաշվի առնելով նրանց, ովքեր ստացել են պատվաստանյութի միայն մեկ դեղաչափը, օգոստոսի 15-ի դրությամբ պատվաստվել է 791 863 մարդ կամ բնակչության ավելի քան 21%-ը: Միջին հաշվով, երկրում օրական կատարվում է 20 000-ից մինչև 26 000 ներարկում:
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել էին մարտի 15-ին՝ աստիճանաբար ընդգրկելով բնակչության ավելի ու ավելի նոր խմբեր: Ազգային արշավը զանգվածային բնույթ էր ձեռք բերել հուլիսի 5-ին:
Այս պահին Վրաստանում Pfizer-ով պատվաստումը թույլատրվում է 16 տարեկանից բարձր անձանց համար: 45 տարեկանից բարձր մարդիկ կարող են ընտրել AstraZeneca-ն, իսկ 18-ից բարձր անձինք` Sinopharm-ը կամ Sinovac-ը: Միևնույն ժամանակ, կարելի է պատվաստվել կամ ամրագրմամբ՝ գրանցվելով Առողջապահության նախարարության կայքում, կամ կենդանի հերթի տարբերակով:
Ազգային ծրագրի համաձայն՝ Վրաստանի չափահաս բնակչության 60%-ը մինչև 2021 թվականի վերջ պետք է պատվաստվի կորոնավիրուսի դեմ: Փորձագետները կարծում են, որ դա բավական կլինի կոլեկտիվ դիմադրողականության ձևավորման համար: