Փետրվարի 28-ին, Վրաստանի Հանրային պաշտպանի Ախալքալաքի գրասենյակում քննարկվեց Վրաստանում խտրականության, ատելության հողի վրա և ատելության խոսքի դրսևորմամբ հանցագործությունների թեման:
Ելնելով հանդիպման ընթացքում ներկայացված վիճակագրությունից՝ թեման շատ արդիական է: 2017 թվականից ի վեր 44 անձ է ենթարկվել քրեական պատասխանատվության, որոնք դրսևորել են խտրականություն: 2018 թ.-ին նման հանցագործությունների թիվն արդեն կազմել է 120, որոնցից 94-ը գենդերային խտրականությամբ է կատարվել, 19-ը՝ սեռական հիմքով, իսկ էթնիկ խտրականության հիման վրա կատարված հանցագործությունների թիվը`7 է:
2014 թ.-ից մինչ օրս ողջ երկրում, օմբուդսմենի գրասենյակում, խտրականության հատուկ բաժինը գրանցել է 640 դեպք, որտեղ արտահայտված է խտրականության դրսեւորումներ:
Վրաստանի տեղական իշխանությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով, Հանրային պաշտպանի գրասենյակ էին ժամանել՝ Վրաստանի ներքին գործերի նախարարության, Շրջանային դատախազության, Արդարադատության նախարարության ներկայացուցիչները: Յուրաքանչյուր գերատեսչություն ներկայացրեց այն գործունեությունը, որը ձեռնարկվում է խտրականության և ատելության խոսքի դրսևորման և տարածման կանխման համար:
Եվրոպայի խորհրդի ծրագիրը կոչվում է «Խտրականության, ատելության խոսքի դրսևորման և ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարը Վրաստանում»: Հենց այս նախագծի շրջանակներում տեղի ունեցավ առաջին ներածական հանդիպումը: Այցի նպատակն էր ոչ միայն յուրաքանչյուր պատկան մարմիններին ներկայացնել այդ հարցով կատարված աշխատանքը, այլև տեղում ծանոթանալ նման դեպքերին:
Ծրագիրը կիրականացվի առաջիկա 4 տարիների ընթացքում: Նախաձեռնողները ենթադրում են, որ այս ծրագիրը կլինի արդյունավետ միջոց՝ խտրականության դեմ պայքարում և, ընդհանրապես, նման երևույթների դեմ, հանրությանը տեղեկատվություն տրամադրելիս: Ծրագիրը բաղկացած է մի քանի բաղադրիչներից: Ծրագրի շրջանակներում աշխատանք կտարվի դատավորների, դատախազների, քննիչների և այլ իրավապահ մարմինների հետ: Նախատեսվում է նաև տեղեկատվական քարոզարշավ իրականացնել` նպատակ հետապնդելով հանրությանն այս թեմայի և դրա դեմ պայքարի մասին ավելի շատ տեղեկություն տրամադրել: Դրա համար կներգրավվեն լրատվամիջոցները:
Քրիստինե Մարաբյան