Փոթի քաղաքում (Սամեգրելոյի շրջան) կորոնավիրուսից մահացել է բուժքույր, որն աշխատում էր տեղի Արտակարգ իրավիճակների համակարգման կենտրոնում: Այս մասին հայտնում է «Իմեդի» հեռուստաընկերությունը:
Ըստ կենտրոնի՝ 48-ամյա բուժքույրը ութ ամսվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է երկու անգամ: Վերավարակումից հետո հիվանդի վիճակը հանկարծակի այնքան է ծանրացել, որ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Վերջին տաս օրվա ընթացքում բուժքույրը բուժումը ստացել է Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկայում:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վերավարակման երեք դեպք, որից մեկ հիվանդ վարակվել է ապաքինվելուց 2.5 ամիս անց:
Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
Երեկ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 149 նոր դեպք: Ապաքինվել է 117 մարդ: 273 վարակվածներ բուժում են ստանում շրջանում գործող կլինիկաներում: 8 մարդ գտնվում է կարանտինում:
Ըստ համաճարակաբանների տվյալների, Վրաստանը մուտք է գործել կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքի պիկային շրջան:
Անցած մեկ օրվա ընթացքում երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1409 նոր դեպք, բուժվել է 1 256 մարդ, մահացել՝ 27-ը: