Ախալքալաքում արդեն երկրորդ օրն է ընթանում է պատվաստման գործընթացը։ 11 քաղաքացի արդեն հասցրել է պատվաստվել։
Ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղից քույր և եղբայր Փանջակիձեները որոշում են կայացրել, և այսօր պատվաստվել են։
«Ինչպես գիտենք ներկա դրությամբ Sinopharm-ին աշխարհի առողջապահական կազմակերպությունը մեծ առավելություն է տալիս: Ինչքան ես տեղյակ եմ ավելի անվտանգ է, դրա համար էլ ընտրեցի Sinopharm-ը, AstraZeneca-ի հանդեպ բոյկոտ հայտարարեցի, այն ճակատագրական, մահացու դեպքից հետո։ Այնուհետև տեսա, որ Ախալքալաքում պասիվություն է, և որոշում կայացրի, որ պատվաստվեմ։ Եթե նայում ենք վիճակագրությանը, ապա տեսնում ենք, որ վարակը հետզհետե ավելանում է, յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ առաջին հերթին պետք է պաշտպանի իր կյանքը և առողջությունը, իր ընտանիքի անդամների առողջությունը, այնուհետև՝ իրեն շրջապատող անձանց: Այդ իսկ պատճառով պետք է բոլորը պատվաստվեն», – JNEWS-ի հետ զրույցում ասաց Փիքրիա Փանջակիձեն։
Փիքրիան վախի զգացողություն ընդհանրապես չի ունեցել, այդ մասին չի էլ մտածում։ Նրա ընտանիքի մյուս անդամները նույնպես ապագայում պատվաստվելու են։
Արդեն առողջապահության կայքում՝ Ախալքալաքի հոսպիտալում Sinopharm-ով պատվաստվելու համար մայիսի 10-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 44 մարդ, իսկ AstraZeneca-ի համար` մայիսին գրանցվել է 1 մարդ։
Չնայած այն հանգամանքին, որ արդեն քաղաքացիները սկսել են պատվաստվել, Ախալքալաքի հոսպիտալի անձնակզամից դեռևս չկա պատվաստված բժիշկ։
«Ես ասեմ, որ բժշկական անձնակազմը նախ և առաջ գտնվում է ռիսկային խմբի մեջ և ամենառաջին պատվաստվողներից մեկը պետք է լինեին, սկսած հավաքարարից վերջացրած տնօրենով։ Նշեմ նաև, որ բավականին ցանկացողներ ունեինք AstraZeneca-ով պատվաստվելու, ցավոք սրտի՝ Ախալցիխեում կատարված դեպքը բավականին լուրջ ռեզոնանսային է, բացասական ազդեցություն ունեցավ և այսօրվա դրությամբ մենք պատվաստված ոչ մի աշխատող չունենք։ Պատվաստվել է միայն Գիա Եփրիկյանը, ով աշխատում է Բաթումիի Covid-կլինիկայում, որտեղ պարտադիր է պատվաստվելը», – ասում է Ախալքալաքի հոսպիտալի մենեջեր Ալեքսան Թորոյանը։
Նա նաև նշում է, որ արդեն հոսպիտալում ունեն չինական Sinopharm պատվաստանյութը, որն էլ հասանելի է բոլորի համար։
«Այսօր ստացել ենք չինական արտադրության Sinopharm պատվաստանյութի 378 դեղաչափ: Սկսել ենք պատվաստման գործընթացը, 11 հոգի արդեն պատվաստվել է, հիմա էլ գործընթացը շարունակվում է: Մենք նրանց տրամադրում ենք կովիդ անձնագրեր։ Մարդիկ արդեն պատվաստումից հետո բավականին լուրջ հնարավորություններ կունենան՝ առանց դիմակ տեղաշարժվելու, պետությունից դուրս գալու և այլն։ Sinopharm-ն այսօրվա դրությամբ եղած բոլոր պատվաստանյութերից ամենաանվտանգն է: Միակ ելքը պատվաստվելն է: Մենք պատվաստումը սկսել ենք բավականին հաջող և առանց բարդությունների»,- ասում է Ալեքսան Թորոյանը։
Ըստ նրա տվյալների արդեն բուժաշխատողների 40%-ը ցանկություն է հայտնել, և սկսել է գրանցվել պատվաստվելու համար։
«Մինչև մարդիկ կորոշեն պատվաստվել, ես ուզում եմ մեր հասարակությանը խնդրել, որպես բժշկի և հասարակության մի անդամի զերծ մնալ մարդկային կուտակումներից, հավաքներից։ Մեր մոտ տարածված փոքր հարսանիքներից ու քելխներից, որտեղ նորից 100-ից ավելի մարդ է հավաքվում, առանց դիմակի, չպաշտպանելով ոչ մի կարգ: Այսօր տեսնում ենք ինչ պատկեր է ամբողջ աշխարհում, և, ինչու չէ նաև Վրաստանում: Միայն երեկվա մեջ 2100-ից ավելի դեպք է գրանցվել, այսինքն՝ միտում կա աճի և այդ աճը՝ ի հաշիվ ծանր դեպքերի է։ Եթե առաջին փուլում մենք ունեինք միջին ծանրության և թեթև դեպքերի շատ քանակ, հիմա 40-60%-ը ծանր դեպքեր են, որոնք կարիք ունեն ստացիոնար բուժման, արհեստական շնչառական ապարատների։ Մենք արդեն հրահանգներ ենք ստանում, որ մեր հիվանդանոցը նույնպես պետք է պատրաստ լինի որոշակի մահճակալային ֆոնդ հատկացնելու՝ անհրաժեշտության դեպքում», – հավելում Ախալքալաքի հիվանդանոցի մենեջերը։
Թորոյանը շեշտում է՝ ժողովրդի 18-20%-ի մոտ կա հոգեկան խանգարումներ՝ կապված սահմանափակուների հետ։ Այդ խնդիրների լուծումը մի բանում է՝ պատվաստվել։ Պատվաստվելուց հետո մարդիկ կարող են վերադառնալ իրենց բնականոն կյանքին։
Ինչ վերաբերում է օրգանիզմում եղած հակամարմինների քանակին, ապա բժիշկը նշում է՝ Վրաստանում կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ մինիմում 100 հակամարմին պետք է ունենալ չհիվանդանալու համար։ Իսկ պատվաստվել կարելի է հիվանդության պահից սկսած 4 ամիս անց, այսինքն՝ 120 օր։
Առաջիկայում Ախալքալաքի հիվանդանոցի մենեջեր Ալեքսան Թորոյանը նույնպես կպատվաստվի։
Գայանե Ակոջյան