Վրաստանում սկսվում է գյուղական գրադարաններն ինտերնետով ապահովելու ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակներում նախատեսվում է մասնագետների վերապատրաստում, ովքեր աշխատելու են նորագույն տեխնոլոգիաներով: Սակայն ծրագրում ներառված չեն Ախալքալաքի գյուղական գրադարանները:
«Համացանց բոլոր գյուղական գրադարաններում» ծրագիրն իրականացվում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու նախաձեռնությամբ: Նախագծի նպատակն է Վրաստանի բոլոր գրադարաններն ապահովել նորագույն տեխնոլոգիաներով և համացանցով:
Անցած տարի «Համացանց բոլոր գյուղական գրադարաններում» ծրագրի շրջանակներում 50 գյուղական գրադարաններ ապահովվել են համացանցով և նորագույն տեխնոլոգիաներով: Նախագծի երկրորդ փուլով 70 գյուղական գրադարաններ ևս կապահովվեն կահույքով, տեխնիկայով և համացանցով:
Սակայն Ախալքալաքի շրջանում գործող 17 գյուղական գրադարաններն այս ծրագրում ներառված չեն:
«Անցած տարի մեզանից ցուցակ պահանջեցին գյուղական գրադարանների, որոնք գտնվում են նորմալ վիճակում, որ հնարավոր լինի ինտերնետ անցկացնել: Մեր ներկայացրած գրադարանների ցուցակի հիման վրա եկան 4-5 գյուղ այցելեցին, բայց նպատակահարմար գտան Վաչիան գյուղի գրադարանը: Սակայն այդպես էլ ծրագրի մեջ չմտցրին»,- ասաց Ախալքալաքի շրջանի գրադարանային միավորման տնօրեն Թեկլե Վախտանգիշվիլին:
Նշենք, որ նախկինում Ախալքալաքի շրջանի յուրաքանյուր գյուղ գրադարան ուներ, սակայն այսօր գործում է ընդամենը 17 գյուղական գրադարան: Իսկ այս գրադարանների մեծ մասն էլ տարրական պայմաններ չունեն ոչ միայն գրքերի պահպանման, այլև ընթերցողների համար:
17 գյուղական գրադարաններից համեմատաբար բարվոք վիճակում են գտնվում՝ Դիլիսկա, Խանդո, Վաչիան, Արագովա, Գումբուրդո, Կոթելիա, Բարալեթ գյուղերի գրադարանները, որոնք գոնե նորմալ սենյակ ունեն գրքերը տեղավորելու համար: Սակայն նշյալ գյուղերի գրադարանային սենյակներում էլ ոչ լույս կա, ոչ էլ ջեռուցում: Այս պատճառով էլ ձմռանը գյուղական գրադարանները գրեթե չեն գործում:
Աղունիկ Այվազյան