Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնում տարվա կտրվածքով անցկացվել է 43 հողակտորների հողերի ստուգում: Յուրաքանչյուր տարածքի ստուգման տվյալները տարբեր են:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկատվա-խորհրդատվական կենտրոնում 2015 թվականի մայիսից անցկացվում է հողի անվճար ստուգում: Ստուգումը որոշում է հողում միկրոտարրերի քանակը` կալիումի, ֆոսֆորի և ազոտի, ինչպես նաև ստուգում է հողի PH-ը (թթվայնությունը): Այդ տարրերի անհրաժեշտ քանակը պարտադիր է լավ բերք ստանալու համար: Հողի ստուգումը պարզում է, թե ինչ տարրի պակասություն ունի հողը կամ հակառակը, որ տարրն է չափից ավելի: Իմանալով այս տվյալները, հնարավոր է պլանավորել բերքի եկամտաբերությունը:
Մինչ օրս Ախալքալաքի շրջանում անցկացվել է 43 հողակտորի ստուգում: Ամենից շատ իրենց հողերի ստուգման համար դիմել են Դադեշ գյուղի բնակիչները` 20 մարդ, իսկ մնացածներն Ախալքալաք քաղաքի և տարբեր գյուղերի հողագործներ են:
Սակայն այդ ստուգումներից ելնելով հնարավոր չէ գնահատել շրջանի հողերը, քանի որ ամեն մի ստուգում տալիս է տվյալ հողակտորի ստուգման արդյունքը, որոնք տարբեր են:
Խորհրդատվական կենտրոնի մասնագետ` Մերաբի Նաթենաձեի խոսքով, ամեն հողատարածքին հարկավոր է տարբեր քանակությամբ ու տարբեր միկրոտարրեր, բայց եթե ընդհանրացնենք կարելի է ասել, որ Ախալքալաք քաղաքի հողը ունի ազոտի կարիք: Սակայն դա փաստ չէ ասելու, որ բոլորի մոտ կլինի նույն արդյունքը:
«Հնարավոր է նույնիսկ մոտ գտնվող տարածքների արդյունքները լինեն տարբեր: Մենք չենք տալիս առաջարկություններ, մենք միայն ասում ենք, որ օրինակ՝ հողի մեջ կա ազոտի պակաս, իսկ թե ինչքանով են նրանք դա կատարում, ես չգիտեմ: Մեր հողերը նորմալ են, եթե խնամենք»,- ասում է Մերաբի Նաթենաձեն:
PH (թթվայնության) նորմերը հողի մեջ պետք է լինի 6-ից 7: Մյուս տարրերը, եթե ցույց տա 3, դա նշանակում է, որ նորմալ է, եթե ավելի բարձր է, ապա ավել է, իսկ եթե ցածր` պակաս է:
Ախալքալաքի շրջանում հողի անվճար ստուգումներն սկսվել են անցյալ տարվա մայիսից, սակայն իրենց հողերը ստուգող ցանկացողները այնքան էլ շատ չեն:
Շուշան Շիրինյան