«Թամադան Մանհեթենում» մյուզիքլի պրեմիերան կայացավ Ախալքալաքի Մշակույթի տան միջանցիկ քամու ու փոշու պայմաններում: Հանդիսատեսի շրջանում շատ քչերն էին, ովքեր հետաքրքրությամբ մինչև վերջ դիտեցին մյուզիքլը:
Համավարակի սկզբից ի վեր «Թամադան Մանհեթենում»-ն առաջին մշակութային իրադարձությունն էր, որը տեղի ունեցավ Ախալքալաքում: Կարիք չկար մտածել COVID-19-ի կանխարգելման միջոցառումների և հեռավորություն պահպանելու մասին, քանի որ Մշակույթի տան հսկայական դահլիճում ներկաների թիվը չէր գերազանցում 20-30 հոգին, նրանց մեծ մասը երեխաներ էին:
Մշակույթի տանը յուրաքանչյուր մշակութային իրադարձությունից հետո դիտողների թիվը գնալով պակասում է: Եվ դա զարմանալի չէ, քանի որ այստեղ միշտ ցուրտ է՝ ինչպես ձմռանը, այնպես էլ ամռանը, չնայած այն հանգամանքին, որ շենքում կա ջեռուցման համակարգ:
Պարողները բեմում ելույթ էին ունենում փոշու թանձրության մեջ: Չնայած դրան, ներկա էր այն հազվագյուտ հանդիսատեսը, որը չվախեցավ հիվանդանալուց և չցանկացավ հեռանալ: Պարողների սահուն շարժումները, երաժիշտների հոյակապ կատարումը գրավեց հանդիսատեսի ուշադրությունը՝ գամելով նրանց աթոռներին:
Մինչ ներկայացումը՝ ապրիլի 12-ին, մյուզիքլը ցուցադրվել էր Նինոծմինդայում՝ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ արտիստների համար ավելի հարմար ու հարմարավետ պայմաններում:
Սամցխե-Ջավախքի շրջանում «Շարժական թատրոնը» ՝ԱՄՆ դեսպանության աջակցությամբ, գործարկել է «Ինտեգրման ինտերնացիոնալ մշակույթ» նախագիծը: Ապրիլի 7-ին Ախալցիխեում կայացել էր Իոսեբ Բակուրաձեի ղեկավարությամբ «Ծարավ» պիեսի բեմականացման պրեմիերան:
«Այս ներկայացումը մենք բեմադրել ենք 2 տարի առաջ: Սա «Շարժական թատրոնի» և Վաշինգտոնյան թատերական «E» ընկերության համատեղ համագործակցությունն է: Սա Բրոդվեյի ոճի մյուզիքլ է: Մենք հյուրախաղեր ունենք, երեկ ներկայացում ենք ունեցել Նինոծմինդայում, այսօր՝ Ախալքալաքում, վաղը՝ Ախալցիխեում: Իհարկե, Ախալքալաքում պայմանները բարդ են, ես կասեի՝ էկզոտիկ, և ցուրտ է, և լուսավորությունն այն չէ, շատ չէ, բայց այնուամենայնիվ, դա մեր մասնագիտությունն է, և թատրոնը բոլորի համար է», – ասել է Իոսեբ Բակուրաձեն:
Ծրագրի առաջին փուլի շրջանակներում «Շարժական թատրոնի» գեղարվեստական ղեկավար Իոսեբ Բակուրաձեն բեմադրել էր ամերիկացի դրամատուրգ Եվգենի Օ’Նիլի «Ծարավ» ներկայացումը: Այս ներկայացումը չունի լեզվական խոչընդոտ, այն հասկանալի է ցանկացած ազգության դիտողների համար:
Ամերիկացի ռեժիսոր Փոլ Գորդոն Էմերսոնը՝ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, «Շարժական թատրոնում» բեմադրել է բրոդվեյան ոճի «Թամադան Մանհեթենում» մյուզիքլը: Սա Վաշինգտոնյան թատերական «E» ընկերության և «Շարժական թատրոնի» համատեղ աշխատանքն է, որն իրականացվել է վրաց-ամերիկյան թատերական համագործակցության շրջանակներում: