Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի անձնակազմի հետ: Ծանոթացել թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքներին:
Խոսելով թատրոնի մասին՝ դեսպան Սադոյանը շեշտել է այն կարևոր դերակատարումը, որ թատրոնն ունեցել է հայ իրականության մեջ և ընդգծել ներկայումս վիրահայ համայնքի կյանքում ունեցած կարևոր նշանակության մասին։
Ինչպես նաև դեսպանը հետաքրքրվել է, թե ինչ փուլում են գտնվում թատրոնի հիմնանորոգման աշխատանքները՝ միաժամանակ հույս հայտնելով, որ մոտ ապագայում արտերկրում գործող միակ պետական հայկական թատրոնի դերասանները հնարավորություն կունենան հանդիսատեսին ներկայանալ սեփական, վերանորոգված թատրոնի շենքում։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանն իր հերթին խոսել է թատրոնի գործունեության, բեմադրվող ներկայացումների, առաջիկայում նախատեսված հյուրախաղերի մասին։
Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնն այս տարի դարձավ 160 տարեկան: Միջոցառումները նվիրված թատրոնի տարեդարձին հետաձգվել են մեկ տարով: Վերանորոգման ավարտից հետո, թատրոնը կշարունակի իր գործունեությունը նոր գաղափարներով, և որ ամենակարևորն է հայրենի բեմում:
Արդեն վեցերորդ տարին է, ինչ թատրոնի շենքը պաշտոնապես համարվում է վթարային, այստեղ արգելվում է ցուցադրել ներկայացումներ:
Հանդիպման ավարտին դեսպան Սադոյանն ընդգձել է, որ Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական թատրոնի գործունեությունը մշտապես գտնվելու է Վրաստանում ՀՀ դեսպանության ուշադրության կենտրոնում։