Դենիս Մացուևի նախաձեռնությամբ Մոսկվայում պատանի դաշնակահարների «Grand Piano Competition» միշազգային մրցույթը կանցկացվի ապրիլի 30-ից մայիսի 5-ը: Ախալքալաքցի երիտասարդ տաղանդ Անահիտ Ստելմաշովն անցել է նախընտրական փուլը և մեկնում է Մոսկվա՝ մասնակցելու մրցույթին:
Անահիտ Ստելմաշովը մրցույթին մասնակցելու նպատակով Մոսկվա կմեկնի իր ուսուցչի՝ Նինո Քաթամաձեի հետ:
«Ինքներս ենք ներկայացրել հայտը, նկարահանել տեսանյութ Թբիլիսիում: Մենք երկար էինք սպասում պատասխանին: Անահիտն անցել է նախընտրական փուլը: Այժմ նա կմեկնի մրցույթին: Ուղևորության ու բնակության ծախսերը վճարվում են: Մասնակցում էին ավելի քան 650 մասնակիցներ, սակայն մրցույթին կմեկնի 15 հոգի, այդ թվում՝ դուստրս»,- Jnews-ին պատմեց Անահիտի մայրը:
Մոսկվայում 7 երկրներից ելույթ կունենան 15 դաշնակահարներ: Առաջին փուլում նրանք պետք է հանդես գան մենահամերգային ծրագրով, իսկ երկրորդ փուլում՝ համերգով սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ (II փուլ):
Մրցույթի հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի 30-ին Կոնսերվատորիայի Մեծ դահլիճում` Դենիս Մացուևի, Է.Ֆ. Սվետլանովի անվան պետական նվագախմբի, մաեստրո Ալեքսանդր Սլադկովսկու և «Grand Piano»-ի նախորդ Գրան Պրի դափնեկիր Ալեքսանդրա Դովգանի մասնակցությամբ: Մրցույթի մասնակիցների լսումները տեղի կունենան Կենտրոնական երաժշտական դպրոցի համերգասրահում (I փուլ) և Մոսկվայի ֆիլհարմոնիայի Չայկովսկի անվան համերգասրահում (երկրորդ փուլ և եզրափակիչ գալա համերգ):
Երկու փուլերի արդյունքների հիման վրա ժյուրին կներկայացնի հինգ դափնեկիրներին, ովքեր կստանան 5-ական հազար ԱՄՆ դոլար դրամական պարգև, իսկ եզրափակիչ համերգին կորոշվի Yamaha C3X ռոյալի Գրան-Պրիի հաղթողը: Կանոնակարգի համաձայն՝ «Grand Piano»-ի մրցանակային տեղերը չեն շնորհվում. Տաս դիպլոմավորները ստանում են յուրաքանչյուրը 1 հազար դոլար դրամական մրցանակ: Նաեւ դափնեկիրների ուսուցիչները ստանում են յուրաքանչյուրը 1 հազար դոլար:
«Մեր ձևաչափը բացառիկ է: Նախ` ժյուրին հնարավորություն ունի լսելու բոլոր մասնակիցներին` ինչպես մենակատար, այնպես էլ նվագախմբի հետ: Երկրորդը՝ երկու փուլերի միջև ոչ ոք դուրս չի մնում, ուստի չկան հիասթափություններ և ցնցումներ, որոնք սովորաբար առկա են ցանկացած մրցակցության մեջ: Գալա-համերգին մրցույթի մասնակիցներից մեկը կպարգևատրվի Գրան-Պրիով՝ համերգային ռոյալով: Բայց մնացած մասնակիցներն էլ ձեռնունայն չեն մնա՝ նրանց համար երաշխավորված է ելույթներն առաջատար նվագախմբերի հետ միասին: Վերջին տարիներին մեր գրանդ դաշնակահարները մեծ հաջողությունների են հասել: Նրանք իրենց դեբյուտը կատարել են ամենահայտնի դահլիճներում, նվագել են աշխարհի ամենամեծ նվագախմբերի և դիրիժորների հետ և ունեն նաև ձայնագրություններ», – ասում է Դենիս Մացուևը:
Հիշեցնենք, որ «Grand Piano Competition» երրորդ մրցույթը պետք է տեղի ունենար 2020-ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել էր 2021 թ.-ին: Քանի որ այս մրցույթի մասնակիցները չպետք է լինեն 16 տարեկանից բարձր, կազմկոմիտեն որոշում է կայացրել մասնակցության իրավունքը պահպանել այն դաշնակահարների համար, ովքեր դիմել էին նախորդ տարի, և ովքեր արդեն 17 տարեկան են «Grand Piano Competition» III մրցույթի նախաշեմին: Մրցույթի հայտերը ներկայացվել են տեսա-ձևաչափով: