Այսօր՝ հունիսի 25-ին, Ախալքալաքի Մշակույթի տանը տեղի ունեցավ «Ջավախքի գարուն» ազգագրական պարի և երգի 12-րդ փառատոնը։
Մշակույթի տան համերգասրահը լեփ-լեցուն էր, վաղուց այստեղ այսքան մարդ չէր հավաքվել, նույնիսկ միջանցքներն էին լի հանդիսատեսով։
Փառատոնին ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, նրա տեղակալ Էդուարդ Աղասարյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Վալերի Ստելմաշովը, ծնողներ և հանդիսատեսը:
«Ջավախքի գարուն» փառատոնն առաջին անգամ անցկացվեց 2008 թվականին: Համավարակի պատճառով փառատոնը երկու տարի չէր անցկացվում։
Գալա համերգը բացեց Ախալքալաքի աշուղական դպրոցի շրջանավարտ, Հայաստանում ճանաչված երգիչ Մասիս Ունանյանը։ Նա երգեց մի քանի երգ, հանդիսատեսը երգեց ու պարեց նրա հետ։ Մասիս Ունանյանը շնորհակալություն հայտնեց իր առաջին ուսուցիչ Աշուղ Ալիք Ջավախքցուն:
«Հինգ տարեկանից սովորել եմ իմ Վարպետ Աշուղ Ալիկի մոտ, երախտապարտ եմ նրան այն ամենի համար, ինչ նա արել է ինձ համար, և «Ջավախքի գարուն» ամենամյա փառատոնը նրա վաստակն է»,- ասաց Մասիս Ունանյանը։
Նա նաև շնորհակալություն հայտնեց ներկաներին և Ջավախքի բոլոր բնակիչներին։ Ի նշան երախտագիտության, նա նվեր ստացավ նկար:
Փառատոնը վաղուց դուրս է եկել մունիցիպալիտետի սահմաններից ու դարձել ժողովրդական փառատոն։ Համերգին մասնակցում էին Ասպինձայի, Նինոծմինդայի, Ծալկայի համույթները: Փառատոնին ներկայացվեց 37 համար, որից 8-ը՝ անհատ կատարողներն էին, 29-ը՝ ժողովրդական համույթները:
Այս տարի փառատոնի բոլոր ծախսերը հոգացել է մունիցիպալիտետի ղեկավարությունը։
«Այս տարի շատ խիստ ընտրություն կատարեցինք, մեկ ամիս առաջ էինք սկսել, մի քանիսին մեխանիկորեն ընդգրկեցինք փառատոնին, մի քանիսին տեղում ենք տեսել»,- ասաց Ախալքալաքի Ակումբների միավորման տնօրեն Ալիկ Քսպոյանը։
Ելույթները գնահատվեցին ժյուրիի կողմից։ Ժյուրիի կազմում էին Ջավախքի ազգագրական երգի-պարի համույթի պարուսույց Լամարա Մխիթարյանը, Բավրա գյուղի դպրոցի ուսուցչուհի Ջուլիետա Շիրինյանը, նկարիչ Հայկազ Ղարագուլյանը և Հայ օգնության միության ղեկավար Կարինե Թադևոսյանը։
Բոլոր մասնակիցների ելույթից հետո, մինչ ժյուրիի անդամները խորհրդակցում էին, հանդիսատեսի առջև ելույթ ունեցավ «Ջավախք» ազգագրական պարի համույթը, փառատոնին ելույթ ունեցավ նաև «Մուրջի» անսամբլը։
Բոլոր մասնակիցներն ու անսամբլների ղեկավարները ստացան պատվոգրեր։
«Պար» անվանակարգում փառատոնիԳրան պրին տրվեց Դամալայի պարային համույթին:
«Երգ» անվանակարգում փառատոնի Գրան պրին բաժին հասավ Անի Թորոսյանին։
Անվանակարգ «Պար».
Անվանակարգ «Երգ».