Այսօր՝ հունիսի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղը մարդաշատ էր։ Մունիցիպալիտետում նշվեց ավանդական՝ Աշուղ Ջվանու օրը։
Երբ Ախալքալաքի տարբեր գյուղերից, Վրաստանի այլ տեղերից և Հայաստանից մեքենաները շարժվում են դեպի Կարծախ, դա նշանակում է, որ այնտեղ նշվում է Աշուղ Ջիվանու օրը։
Ջիվանու տոնին ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, Սամցխե-Ջավախքի փոխնահանգապետ Դավիթ Վարդիաշվիլին, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի ներկայացուցիչներ Սոս Սահակյանը, Սամվել Մկոյանը և այլք, ինչպես նաև Հայաստանից ժամանած հյուրեր և տոնակատարության մշտական մասնակից Թովմաս Պողոսյանը և իր համույթը։
Ավանդույթի համաձայն հյուրերը, ՏԻՄ ղեկավարները և այլք ծաղիկներ են խոնարհում գյուղի կենտրոնում գտնվող Աշուղ Ջիվանու հուշարձանին։ Այնուհետեւ հյուրերն ու տեղի բնակչությունն այցելում են Աշուղ Ջիվանու տուն-թանգարան։ Տոնն ավարտվում է համերգով։
Այս տարի առաջին անգամ Ջիվանու տոնին մասնակցեց երգիչ Մավր Մկրտչյանը։
JNEWS-ը զրուցեց Մավր Մկրտչյանի հետ, երբ նա մենակ զբոսնում էր գյուղում և նայում շուրջբոլորը։
«Ես առաջին անգամ եմ Կարծախ գյուղում, և, բնականաբար, տուն թանգարանում: Ցավոք սրտի,լիարժեք չկարողացա ուսումնասիրել, որովհետև ուզում էի լռությամբ ուսումնասիրել, ընկալել Ջիվանուն ոչ միայն առարկայական, այլև հոգեպես: Նա ծնվել է այս տանը, ապրել է այստեղ, պետք է զգալ նրա էներգիան: Պետք է գալ Կարծախ գյուղ, որ իրապես զգաս նրա երգերը, նրա հոգին ու ներաշխարհը: Կարծախ գյուղն իր տեսակով ու պարզությամբ տարբերվում է մյուսներից»,- ասաց Մավր Մկրտչյանը։
Հարցին, թե Ջիվանու որ երգն է ամենաշատը սիրում և ինչ է երգելու այսօր, Մավրը պատասխանեց, որ Ջիվանու բոլոր երգերը փիլիսոփայական են և խորը իմաստ ունեն։
«Կան երգեր, որոնք ողջ ազգն է սիրում: Դեռ մտածում եմ, բայց ես անպայման երգելու եմ «Հովիկ» երգը, այն իմ սիրելի երգերից է, բայց դեռ չգիտեմ, ամեն ինչ կախված է իմ հոգեվիճակից»,- ասաց երգիչը:
Համերգին նա երկու երգի փոխարեն կատարեց Ջիվանու երեք երգ, որոնք շատ ջերմ ու զգացմունքային ընդունվեցին հավաքվածների կողմից, հավաքվածները երգակցում էին երգչին։
Համերգը բացեց Կարծախ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Գաբրիել Կարապետյանը։ Նա ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին և տեղական ինքնակառավարման մարմիններին Ջիվանու օրվան նվիրված տոնակատարության կազմակերպմանն աջակցելու համար։
Ողջույնի եւ երախտագիտության խոսքեր ասաց նաեւ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր Համլետ Մովսեսյանը.
«Այսօր Ջիվանու երգերի երկրպագուները հավաքվել են այս հրաշալի տոնը նշելու: Ջիվանին ոչ միայն մեծ աշուղ էր, այլև մեծ փիլիսոփա։ Այս հրաշագեղ բնության գրկում ծնված երեխան այնպիսի երգեր է հորինել, որտեղ մեծ իմաստ կա, կա հայրենիք, սեր, մայր։ Շնորհակալություն եմ հայտնում «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի առաջին նախագահ Սոս Սահակյանին Ջիվանու թանգարանի բարեկարգման համար։ Թովմաս Պողոսյանին, ով ամեն տարի իր խմբով ներկա է լինում այս տոնին»,- ասաց Համլետ Մովսեսյանը։
Ելույթ ունեցավ նաև ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Վաղարշակ Փիլոսյանը, ով ծագումով Ծալկայից է, բայց ներկայումս բնակվում է Ամերիկայում։ Նա շնորհակալություն հայտնեց հրավերի համար, շնորհակալություն հայտնեց կարծախցիներին Ջիվանու համար:
Ելույթ ունեցավ նաև «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը։
Ջիվանու տոնին ելույթ ունեցան «Ջավախք» պարային համույթը, Ախալքալաքի աշուղական դպրոցի սաները, Թովմաս Պողոսյանն իր համույթի հետ, ինչպես նաև երգիչ Մավր Մկրտչյանը։
Միջոցառմանն առաջին անգամ հնչեց Ալիկ Քսպոյանի հեղինակած «Ախալքալաք» երգը՝ Թովմաս Պողոսյանի համույթի կատարմամբ։
Համերգից առաջ Ջիվանու տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Սաղաթելյանը հայտարարեց մայիսի 19-ին՝ Թանգարանների միջազգային օրը, կայացած պոեզիայի մրցույթի հաղթողների անունները և նրանց հանձնեց հավաստագրեր։ Մրցույթին մասնակցում էին երիտասարդներ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից, ինչպես նաև երիտասարդներ ՀՀ Շիրակի մարզից։