Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշում է կայացրել չփոխել խափանման միջոցը՝ կալանքը, ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» նախագահ Նիկանոր Մելիայի նկատմամբ:
Այս հարցի վերաբերյալ հաջորդ դատավարությունը նշանակված է ապրիլի 29-ին, ժամը 13:00-ին:
Այսօրվա դատական նիստը տևել է մոտ հինգ ժամ: Որոշման մասին հայտարարել է դատավոր Նինո Չախնաշվիլին, ով վերջերս կարգադրել էր Մելիային վտարել դատարանի դահլիճից: Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ Մելիան տեղից գոռացել էր, որ դատավորը, ստրուկի նման, կատարում է կառավարության որոշումները:
Առաջին անգամ չէ, որ Նիկա Մելիան վտարվում է դատարանի դահլիճից` դատավորին վիրավորելու համար: Ապրիլի 6-ին կայացած դատավարության ժամանակ փաստաբանները խնդրել էին թույլ տալ նրան ներկա լինել նիստին, որի հետ դատավոր Չախնաշվիլին համաձայնել էր, և այսօր Մելիան ձերբակալվելուց հետո՝ փետրվարի 23-ին, առաջին անգամ դուրս էր բերվել բանտից:
«Հաշվի առեք և արագ կայացրեք որոշումը: Դուք նույնիսկ չեք պատասխանել իմ այն հարցին, թե ինչու եք ձեզ դատավոր կոչում: Դուք իրո՞ք կարծում եք, որ դատավոր եք: Այս անարդարությունը ձեզ չի՞ անհանգստացնում: Այս դատը պարադոքս է, քանի որ այս դատարանի շենքում, դատավարության ընթացքում, տեղի է ունենում նիստ, որին դատավոր չկա», – ասել է Մելիան այսօրվա դատավարության ժամանակ:
Փաստաբան Դիտո Սաձագլիշվիլին կարծում է, որ կառավարությունը կշարունակի օգտագործել Նիկա Մելիային ազատելու հարցը ընդդիմության հետ բանակցություններում սակարկության համար:
«Մենք փաստացի չենք լսել գոնե մեկ փաստարկ այն մասին, թե ինչու պետք է Մելիան գտնվի կալանքի տակ, ինչը տրամաբանական է, քանի որ այս որոշումը չի կարող արդարացված լինել: Նման դեպքում դատարանն ուղղակիորեն օրենքով այլ տարբերակ չէր ունենա, քան նրան ազատ արձակել: Եթե նախկինում Նիկա Մելիան քաղբանտարկյալ էր, ապա այսօր նա քաղաքական գերի է, որին կառավարությունը կօգտագործի քաղաքական բանակցություններում սակարկելու համար», – ասել է Սաձագլիշվիլին:
ՄԱՇ-ի նախագահի նախնական կալանքի երկամսյա ժամկետը լրանում է ապրիլի 17-ին, ուստի դատարանը ստիպված էր վերանայել ընտրված խափանման միջոցի հարցը: Փետրվարի 17-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց Նիկա Մելիային կալանավորել էր:
ՄԱՇ-ի առաջնորդ Նիկա Մելիան մեղադրվում է 2019 թ-ի հունիսի 21-ի գիշերը իրադարձությունների ժամանակ «խմբակային բռնություն կազմակերպելու» մեջ, երբ խորհրդարանի մոտ տեղի էր ունեցավ բազմահազարանոց ինքնաբուխ բողոքի ակցիա, որը հայտնի էր որպես «Գավրիլովի գիշեր»: Իշխանությունները կասկածում են, որ ընդդիմությունը փորձել է հարձակում կազմակերպել խորհրդարանի վրա, որից հետո ցուցարարների դեմ օգտագործվել են ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ:
Մելիան 2021 թվականի փետրվարի 23-ին ձերբակալվել էր այն բանից հետո, երբ նա հրաժարվել էր վճարել գրավը, որը նախաքննության ընթացքում դատարանի կողմից նշանակվել էր որպես խափանման միջոց: Մելիան ինքն ասում է, որ գրավը համարում է անօրինական և չի պատրաստվում վճարել այն:
Մելիայի կալանավորումը դարձավ Գիորգի Գախարիայի վարչապետի պաշտոնից հրաժարականի պատճառ: Փետրվարի 18-ին նա հայտարարեց, որ «տարաձայնություններ» ունի իշխող թիմի հետ՝ ընդդիմադիր առաջնորդի կալանավորման հարցում: Գախարիայի հրաժարականից հետո Ներքին գործերի նախարարությունը Մելիայի կալանքը ժամանակավորապես հետաձգեց: Փետրվարի 23-ին՝ Իրակլի Ղարիբաշվիլիի վարչապետ նշանակվելու հաջորդ օրը, ոստիկանությունը հատուկ գործողություն իրականացրեց ՄԱՇ-ի գրասենյակում և ձերբակալեց Մելիային:
Այդ ժամանակից ի վեր Մելիայի ձերբակալությունն ընդդիմության և իշխող «Վրացական երազանք» կուսակցության կոնֆլիկտի հիմնական տարաձայնություններից մեկն էր: Արևմուտքի կողմից լուրջ քննադատությունից հետո Վրաստանի դատախազությունը պատրաստակամություն հայտնեց միջնորդել խափանման միջոցը փոխել և ընդդիմադիրին ազատ արձակել, եթե Մելիան 40 հազար լարի (մոտ 12 հազար դոլար) գրավը վճարի:
«Վրացական երազանք»-ի և ընդդիմության բանակցություններում միջնորդի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի կողմից նշանակված շվեդ դիվանագետ Քրիստիան Դանիելսոնը հանդես էր եկել առաջարկով, համաձայն որի ԵՄ որոշ հիմնադրամներ կվճարեն գրավը Մելիայի համար: Սակայն ՄԱՇ-ը և ինքը` Մելիան հրաժարվել էին դրանից` շեշտելով, որ դա սկզբունքային դիրքորոշում է:
Նախորդ դատավարությունից առաջ դատախազությունը կրկին հիշեցրել էր, որ գրավը վճարելուց հետո պատրաստ է ազատ արձակել Մելիային:
Աղբյուրը՝ NewsGeorgia