Դատախազությունը ձերբակալել է Մառնեուլի քաղաքապետին՝ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի համար, իսկ ծեծի փաստով քրեական հետապնդման մեջ են «Միավորված ազգային շարժման» անդամ Ազեր Սուլեյմանովը և ևս երկու անձ:

«Վրաստանի դատախազության և ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից Մառնեուլիում ձերբակալվել է քաղաքապետ Թեմուր Աբազովը՝ Մառնեուլի քաղաքացի Էլչին Ալախվերդիևի նկատմամբ գործած անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի համար, նույն քաղաքացուն ծեծի ենթարկելու փաստով քրեական հետապնդում է սկսվել Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Ազեր Սուլեյմանովի, Մառնեուլի քաղաքային խորհրդի անդամ, «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռամին Ալախվերդիևի և քաղաքապետի բարեկամ, քաղաքացի Է. Գ.-ի հանդեպ։

Դեպքի առիթով անցկացված հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ 2018 թվականի հունիսի 10-ին Էլչին Ալախվերդիևը մասնակցել է Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայի հարակից տարածքում անցկացվող ցույցին և ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ վիրավորել է Մառնեուլիի քաղաքապետ Թեմուր Աբազովի կնոջը:

Նույն օրը, կեսգիշերն անց, նրա հետ կապ է հաստատել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ռագիմ Ասկերովը՝ ցանկանալով հանդիպել նրան: Ասկերովի խնդրանքով էլ նրանք հանդիպել են ՄԱՇ-ի Մառնեուլիի գրասենյակում, որտեղ գտնվել են նաև ՄԱՇ-ի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, Մառնեուլիի քաղաքային խորհրդի անդամ Ռամին Ալախվերդիևը, քաղաքապետի բարեկամ Է. Գ.-ն և այլ անձինք:

Խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովը էլչին Ալախվերդիևից պահանջել է ասել, թե ում առաջադրանքով է նա ուղիղ եթեր մտել, ինչից հետո Սուլեյմանովն ու քաղաքապետի բարեկամը Ալախվերդիևին ֆիզիկական բռնության են ենթարկել: Այնուհետև Մառնեուլիի քաղաքային խորհրդի անդամներ Ջեյխուն Չայիդարովը և Ռամին Ալախվերդիևը՝ Էլչին Ալախվերդիևին տարել են Մառնեուլիի ռեստորաններից մեկի հարակից տարածք, որտեղ էլ նշվածներին սպասել է քաղաքապետ Աբազովը: Հասնելուն պես Թեմուր Աբազովը թքել է Էլչին Ալախվերդիևի դեմքին և հարվածել, հետո ստիպել է, որ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներողություն խնդրի իր կնոջը հասցրած վիրավորանքների համար։ Վերջում Մառնեուլիի քաղաքապետը բռնությամբ ստիպել է, որ Ալախվերդիևը միզի բաժակի մեջ և այդ մեզով լվանա դեմքը:

Թեմուր Աբազովը ձերբակալվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 1443 հոդվածի 2-րդ մասի (ա) և (ե) հոդվածով, ինչը նախատեսում է ազատազրկում 5-ից 10 տարի ժամկետով: Ռամին Ալախվերդիևի և քաղաքացի Է. Գ.-ի հանդեպ կիրառվել է հետապնդում՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետով, ինչը նախատեսում է մինչև 2 տարվա ազատազրկում:

Վրաստանի խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովի դեմ քրեական գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի «բ» ենթակետով, որը կներկայացվի օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում», -ասվում է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Նյութի աղբյուրը՝ Aliq Media