Առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի խոսքով՝ Վրաստան կներկրվի «Պֆայզեր» պատվաստանյութի 29 500 չափաբաժին եւ քաղաքացիները հնարավորություն կունենան ընտրելու, թե կորոնավիրուսի դեմ ինչ պատվաստանյութ անել:
«Հավասարության եւ համերաշխության սկզբունքը առողջապահության ոլորտի գլխավոր արժեքներից մեկն է, որը կիսում է աշխարհը։ Համապատասխանաբար, բոլոր պատվաստանյութերը հասանելի կլինեն մեր բոլոր քաղաքացիներին», – հայտարարել է Եկատերինե Տիկարաձեն:
Հարցին, թե արդյո՞ք պատվաստանյութի ընտրության հնարավորություն կլինի, նախարարը պատասխանել է՝ իհարկե:
«Դոզաների նկատմամբ ոչինչ չի փոխվել, Վրաստան կներկրվի «Պֆայզեր» պատվաստանյութի 29 500 չափաբաժին, բայց մենք սպասում ենք թռիչքի կոնկրետ համարին, որպեսզի հանրությանը հստակ ամսաթիվ հայտնենք», – ասել է Եկատերինե Տիկարաձեն: