Վրաստանում կորոնավիրուսային վարակման դեպքերի աճի պատճառով մայիսի 4-ից 11-ը ժամանակահատվածը հայտարարվել է ոչ աշխատանքային: Որոշումն ընդունվել է Միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստում:
Ինչպես ճեպազրույցում պարզաբանել է «COVID-19»-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն, ըստ էության, իշխանությունների որոշումը նշանակում է Զատկական տոների երկարացում: Այս տարի Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ Վրաստանի բնակիչները կհանգստանան չորս օր՝ ապրիլի 30-ից մայիսի 3-ը: Մայիսի 12-ը կրկին պաշտոնապես հանգստյան օր է: Այս օրը Վրաստանը նշում է Անդրիա Առաքյալի հիշատակի օրը:
Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատում են մասնավոր ընկերություններում կամ պետական հատվածում, աշխատանքի կանցնեն միայն մայիսի 13-ից:
Համակարգող խորհուրդը գործատուներին խորհուրդ է տալիս արդեն սկսել իրենց աշխատողներին տեղափոխել հեռավար աշխատառեժիմի:
Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը խոստանում է խստացնել վերահսկողությունը երկրում գործող բոլոր անվտանգության միջոցների և սահմանափակումների պահպանման ուղղությամբ՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:
Համավարակի սկզբից Վրաստանում արձանագրվել է ավելի քան 287 հազար վարակի դեպք, բուժվել է ավելի քան 276 հազար հիվանդ, մահացել է 3 858-ը: Մարտի վերջին վարակային այս հիվանդության հետ կապված իրավիճակն ավելի է բարդացել, դպրոցներն ու մանկապարտեզները որոշ շրջաններում փակվել են, մասնագետները սկսել են տեղի բնակիչների համատարած թեստավորումը:
Մասնագետները խոսում են հիվանդանոցների ծանրաբեռնվածության մասին: Այս պահին հանրապետությունում կա «COVID-19»-ի 6873 ակտիվ դեպք, որոնցից 2190-ը գտնվում են ստացիոնար բուժհսկողության տակ:
Մարտի 15-ից Վրաստանը պատվաստում է բնակչությանը կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» և «Pfizer» պատվաստանյութերով: Վերջին տվյալների համաձայն՝ պատվաստվել է ավելի քան 16 հազար մարդ: Երկրի իշխանությունները մինչև տարեվերջ պատրաստվում են պատվաստել չափահաս բնակչության 60%-ին՝ կոլեկտիվ դիմադրողականություն ձեւավորելու համար: