Մայիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու կարանտինային սահմանափակումները վերացվում են:
Առողջապահության նախարարի խոսքով՝ ուժը կորցրած է ճանաչվում օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս COVID-19 ախտորոշման PCR հետազոտության բացասական արդյունքը հավաստող կամ արագ ախտորոշիչ թեստի արդյունքը հավաստող սերտիֆիկատներ ներկայացնելու պահանջը:
Ըստ Անահիտ Ավանեսյանի՝ հանվել են նաև քրեակատարողական հիմնարկներում, նաև ՊՆ ԶՈՒ-ում սահմանափակումները, չի գործի նաև արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ այլևս թեստ հանձնելու կամ պատվաստվման սերտիֆիկատը ներկայացնելու պահանջը։
Առողջապահության նախարարը հայտնել է, որ որոշմանը զուգահեռ փոփոխություններ են իրականացվել նաև նախարարի հրամանների մեջ, որոնցով վերացվում է դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր պահպանելու արգելքը և աշխատանքի վայրում 7 օրը մեկ PCR հետազոտության թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: