Այսօր՝ փետրվարի 22-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի ֆինանսա-բյուջետային հանձնաժողովը քննարկեց բյուջեի փոփոխությունները: Հիմնական փոփոխությունները կատարվում են Էկոնոմիկայի և գույքի, ինչպես նաև Ենթակառուցվածքի, ճարտարապետության և շինարարության ծառայությունների առաջարկով: Փոփոխության գումարը 1 249 464 լարի է:
Պատգամավորները բյուջեի փոփոխությունների քննարկումից բացի քննարկեցին և համաձայնություն տվեցին նաև «Օգնություն գյուղին» (ՕԳԾ) ծրագրի իրականացմանը, որի համար պետությունը հատկացրել է 922 000 լարի:
Բյուջեի փոփոխությունները պատգամավորներին ներկայացրեց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ֆինանսական ծառայության պետ Մկրտիչ Մղդեսյանը:
Փոփոխությունները կատարվում են քաղաքապետարանի ծառայությունների նամակների հիման վրա:
Տնտեսության և գույքի ծառայության կողմից նախատեսված է 381 555 լարի փոփոխություններ կատարել բյուջեում: Փոփոխությունները վերաբերում են հետևյալ աշխատանքներին:
– 26 000 լարի՝ անօթևան շներին բռնելու համար,
– 20 000 լարի՝ մունիցիպալիտետի չոր ծառերը կտրելու համար,
– 10 940 լարի՝ Մարզահամալիրի ջեռուցման համակարգի վերականգնման համար,
– 3000 լարի՝ մունիցիպալ կազմակերպությունների էլեկտրահաշվիչների և գազի հաշվիչների գրանցման համար,
– 18 615 լարի՝ Կիրովական գյուղի մարզադաշտի վերականգնման համար,
– 280 000 լարի՝ աղբատար մեքենա գնելու համար,
– 13000 լարի` Մեծ Սամսար գյուղի խմելու ջրագծի վերականգնման համար,
– 10 000 լարի՝ Ալաստան գյուղի ջրագծի վերականգնման համար:
Քաղաքապետարանի ենթակառուցվածքի, ճարտարապետության և շինարարության ծառայությունը նախատեսում է 851 409 լարիի չափով փոփոխություններ: Դրանք վերաբերում են հետևյալ աշխատանքներին:
– Ազատության փողոցի վերջնամասի վերականգնման համար` 42 920 լարի,
– «Խաս Բախչա» այգու վերականգնման համար` 315 340 լարի,
– Նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամրջի վերանորոգման համար` 172 000 լարի
– Գյուղական ճանապարհների ուղեհարթման (շինանյութի) համար` 70 000 լարի
– Սպասարկման կենտրոնին աշխատանքների անցկացման համար՝ 6000 լարի
– Քաղաքի փողոցների փոսային նորոգման համար` 230 000 լարի:
Քաղաքապետարանի ենթակառուցվածքի, ճարտարապետության և շինարարության ծառայությունը նաև խնդրեց «Ջավախ Ավտո Գզա» ՍՊԸ-ի համար հաստատել 15 149 լարի, Ախալքալաքի գյուղական ճանապարհների և փողոցների 2020 թվականի ձնամաքրման համար:
Քաղաքապետարանը պահանջեց նաև հաստատել 1000 լարի մունիցիպալիտետի մանկապարտեզներում ախտահանում իրականացնելու համար, իսկ անասունների շուկայի վերանորոգման համար `15 500 լարի:
Հանձնաժողովը բուռն կերպով քննարկեց փոփոխությունների յուրաքանչյուր կետ: Պատգամավորների հարցերին պատասխանեցին քաղաքապետարանի Ենթակառուցվածքի, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Ռաֆիկ Աբաջյանը, իսկ Էկոնոմիկայի և գույքի ծառայությունից՝ Սամվել Մուրադյանը:
Ֆինանսա-բյուջետային հանձնաժողովի նախագահ Սեդա Մելքումյանին հետաքրքրում էր, թե ինչ չափանիշներով են ընտրվում չորացած ծառերը, արդյոք նման ծառերի հատում քննարկվում է նաև գյուղերում, ինչպես նաև նա առաջարկեց վերահսկել, արդյոք դժվարամատչելի տարածքներում ևս ծառերը հատվում են:
«Հետո այնպես չստացվի, որ գումարը հատկացնենք, դյուրամատչելի վայրերում ծառերը հատվեն, իսկ դժվարամատչելի վայրերում դրանք մնան: Գումարը վերջանա, իսկ չորացած ծառերը մնան ամենավտանգավոր վայրերում: Թող հանձնաժողովը ուսումնասիրի բոլոր տեղերը, այդ թվում՝ գյուղական վայրերում », – ասաց Սեդա Մելքումյանը:
Սամվել Մուրադյանը պատասխանեց, որ չորացած ծառերն ընտրվում են բնակչության դիմումների համաձայն, հանձնաժողովը գնում է տվյալ վայրը, ծանոթանում և ընդգրկում ցուցակում:
Առաջարկ եղավ նաև այս գործընթացում ակտիվ աշխատանք պահանջելու քաղաքի և գյուղերի լիազորներից, ինչպես նաև «Սպասարկման կենտրոնի» կանաչապատման բաժնից:
Պատգամավորները բողոքներ ունեին քաղաքի լիազորների աշխատանքի առումով, որ նրանք չեն վերահսկում, տենդերը շահած համապատասխան կազմակերպության կողմից, շներին բռնելու գործընթացը: «Ստացվում է, որ բյուջեն գումար է հատկացնում, սակայն արդյունք չկա», – ասացին պատգամավորները:
Խստորեն քննարկվեց նաև գյուղական ճանապարհների ուղեհարթման անարդյունավետությունը: Պատգամավոր Մելքոն Մակարյանը կարծում է, որ գյուղական ճանապարհների ուղեհարթման համար հատկացված 70 000 լարին գումարի զուր վատնում է:
«Անցյալ տարի նույնպես հատկացվել էր գումար, բայց արդյունքը՝ զրո: Մեկ-երկու մեքենան գյուղին չեն օգնի, ճանապարհափոսերի հետ կապված հարցը չի լուծվի, ավելի լավ է փողը մեկ գյուղին տալ, որ գոնե արդյունք լինի», – ասաց Մելքոն Մակարյանը:
Քննարկվեց նաև նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամրջի վերանորոգման նախագիծը:
Օրակարգի հարցերը քննարկելուց հետո պատգամավոր Սամվել Պետրոսյանն առաջարկեց միջոցներ գտնել 3 դպրոցների (Խուլգումոյից, Կուլիկամից և Կարտիկամից քաղաքային դպրոցներ) երեխաների տեղափոխման համար, որոնց մերժել են:
Ինչու Կարտիկամից դպրոցականներին այլեւս չեն տեղափոխի քաղաք
«Մեր աշխատավարձերը բարձրացնելը շատ տգեղ է, երբ մենք չենք կարող երեխաների հարցը լուծել: Շատ հիասթափեցուցիչ է, որ պետական մեքենաներն օգտագործվում են անձնական նպատակների համար, 30 000 նախատեսում ենք երկու մեքենայի ձեռքբերման համար և չենք կարող լուծել երեխաների հարցը»,- ասաց Սամվել Պետրոսյանն ու առաջարկեց քաղաքապետարանի բոլոր աշխատակիցներին իրենց աշխատավարձի գոնե 10% -ը հատկացնել երեխաների տեղափոխման հարցը լուծելու համար:
Հարցը բուռն քննարկումներ չառաջացրեց:
Մկրտիչ Մղդեսյանը հերքեց Ինքնակառավարման մարմինների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին տեղեկությունը:
Քաղաքապետարանի իրավաբանական ծառայության բաժնի և իրավական վարչության պետ Վրեժ Բերիկյանը հայտնեց, որ շրջանի բոլոր գյուղական դպրոցները ֆինանսավորում են ստանում տրանսպորտավորման համար, եթե գյուղում միջնակարգ կրթություն ստանալու խնդիր կա, և եթե դպրոցում թերի կրթություն է, և դպրոցականները զրկված են սովորելու հնարավորությունից: