Ախալքալաքի մունիցիպալիտետում դեռևս ոչ ոք հողատարածք չի վարձակալել «Մատչելիություն պետական ​​արոտավայրերին» ծրագրով, ըստ որի խոշոր և մանր եղջերավոր անասուններ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են արոտավայրեր վարձակալել երեք տարի ժամկետով։

«Մատչելիություն պետական ​​արոտավայրերին» ծրագիրը մեկնարկել է
Կառավարության 2021 թվականի Հոկտեմբերի 6֊ի Թիվ 497 Հրամանագրով։ Ծրագիրը հետապնդում է պետական ​​արոտավայրերի ռացիոնալ օգտագործման, անասնաբուծության խթանման նպատակներ։ Մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար սահմանվում է առնվազն 1 հա տարածք, մանր եղջերավոր անասունների դեպքում` առնվազն 0,2 հա տարածք:

Ախալքալաքի Պետական ​​գույքի վարչության պետ Թամազ Գվարամաձեն ասում է, որ իրենք արոտավայրերի վարձակալության դիմումներն ուղարկել են Հողային ռեսուրսների օգտագործման մոնիտորինգի և կայուն կառավարման ազգային գործակալություն, քանի որ վարձակալմամ մասին որոշումը կայացվում է այդ գործակալությունում։

«Բոլոր դիմումները, որը մենք ունեինք, ուղարկել ենք գործակալություն, որ օրենքով սահմանված կարգով թույլտվություն տան։ Մինչ այժմ պետական ​​արոտավայրերը ոչ մեկին վարձակալությամբ չեն տրվել։ Երբ գործակալությունը կուսումնասիրի փաստաթղթերը և կորոշի, թե ում հատկացնել, նրանք մեզ կուղարկեն, և մենք պայմանագրեր կկնքենք այդ մարդկանց հետ։ Դիմողներ եղել են։ Մենք բոլորին ասել ենք, որ դիմեն գործակալությանը»,- ասում է Թամազ Գվարամաձեն։

Նրա խոսքով, մինչ կառավարության այս որոշումը Ախալքալաքի մունիցիպալիտետում ոչ ոք չէր կարող պետական ​​արոտավայրեր վարձակալել։

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներից Ախալքալաքի Պետական ​​գույքի վարչությունը մոտ 10 դիմում է ստացել արոտավայրերի վարձակալության թույլտվություն ստանալու համար։

Ինչ վերաբերում է Ջավախքի պահպանվող տարածքներում գտնվող արոտավայրերին, ապա դրանց վարձակալությունը չի դադարեցվել։ Ջավախեթի ազգային պարկից Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում վարձակալվել է շուրջ 12 արոտավայր։ Այդ վարձակալությունները չեն կասեցվել, միայն մեկ անձի վարձակալության ժամկետն է լրացել։