Գիորգի Գախարիայի Վրաստանի վարչապետի պաշտոնից հրաժարականի պատճառների, հավանական թեկնածուների և դրանում ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկա Մելիայի գործի դերի մասին JNEWS-ը զրուցել է Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի (GSAC) առաջատար փորձագետ Գելա Վասաձեի հետ:

Gela Vasadze

Վարչապետ Գիորգի Գախարիան այսօր հրաժարական տվեց: Բոլորի համար դա անակնկալ էր, ի՞նչ է տեղի ունենում:

– Իրականում տեղի ունեցավ մի շատ պարզ բան: Երբ «Վրացական երազանքի» ներսում մի խումբ հարուցեց Նիկա Մելիայի գործը, նրանք հիանալի գիտեին, թե ինչպես է դա ավարտվելու: Նրանք շատ լավ գիտեին, որ մի կողմից, դա կզրկի ընդդիմությանը խորհրդարան մուտք գործելու նույնիսկ հիպոթետիկ հնարավորությունից: Եվ երկրորդ, որ Մելիան չի ենթարկվի, և նրան կձերբակալեն: Ինչևէ, սա նախապես ծրագրված համակցություն էր, այն էլ ոչ թե ընդդիմության դեմ, այլ հենց «Վրացական երազանքի» ներսում՝ իշխանության համար պայքարի նպատակով: Իրավիճակն, որը հիմա ստեղծվել է, նույնպես բավականին հասկանալի է, քանի որ Գախարիան քաջ գիտակցում էր, որ իրենից կրկին քավության նոխազ են սարքելու: Նա մեկ անգամ արդեն նկարահանվել էր «Գավրիլովյան գիշերը» ֆիլմում, չնայած լավ հայտնի է, որ նա հրաման չի տվել ցրելու, բայց միևնույն ժամանակ նաև չի հրամայել դադարեցնել դա: Սա նույնպես պետք է հաշվի առնել: Ուստի և նա չցանկացավ քավության նոխազ դառնալ, մանավանդ՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից հետո: Այստեղ Գախարիան խաղաքայլն արեց ժամանակից շուտ և հրաժարական տվեց՝ դրանով իսկ խախտելով այն խմբի խաղը, որն այժմ ձգտում է իշխանության: Տեղի ունեցավ բավական հետաքրքիր նախադեպ:

Ո՞ր խմբի մասին է խոսքը:

– Այնտեղ կան տարբեր խմբեր՝ հենց «Երազանքի» ներսում: Գախարիան չէր մասնակցում Քաղխորհրդի վերջին նիստին: Ըստ շրջանառվող լուրերի, Իրակլի Կոբախիձեն ասել է, որ ընդհանրապես բոլոր երկրներում վարչապետն իշխող կուսակցության նախագահն է: Տարբերակ կարող է լինել վարչապետի պաշտոնում Թեա Ծուլուկիանիի թեկնածության առաջադրումը: Իհարկե, տրամաբանական կլիներ, որ փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին դառնար վարչապետ, բայց քանի որ այստեղ տրամաբանությունը լավ չի գործում, մենք չգիտենք: Հնարավոր են տարբեր ընտրանքներ: Հիմա «Երազանքի» ներսում պայքար է գնում իշխանության համար: Գախարիան՝ իր թիմի հետ միասին, ամենաթույլ օղակն էր: Այս ամենաթույլ օղակը դուրս մղվեց, բայց դա չի նշանակում, որ իշխանության համար պայքարն ավարտված է: Նա չի շարունակի պայքարել իշխանության համար, սակայն դա մյուսները կշարունակեն:

Իր ժամանակին այսպես անսպասելիորեն հրաժարական տվեց նաեւ նախորդ վարչապետ Կվիրիկաշվիլին, հնարավո՞ր է զուգահեռներ անցկացնել:

– Դա նույն սցենարը չէ: Կվիրիկաշվիլիին հեռացրեց անձամբ Իվանիշվիլին, երբ զգաց վտանգ իր իշխանության և վերահսկողության նկատմամբ: Այս պարագայում Իվանիշվիլին կողքի քաշվեց և հետևեց, թե ով կհաղթի այս պայքարում: Նա հասկանում էր, որ Գախարիան շատ քիչ շանսեր ուներ, բայց ես կարծում եմ, որ Իվանիշվիլին այս անգամ որոշեց չմիջամտել:

Գիորգի Գախարիան բավականին ճանաչված քաղաքական գործիչ է Վրաստանում, նա ունի՞ աջակցություն:

– Նա փաստացի աջակցություն չունի: Նա չունի իր սեփական քաղաքական թիմը, ավելի ճիշտ, այն կա, բայց շատ թույլ է՝ համեմատած մյուս քաղաքական թիմերի հետ: Այդ պատճառով էլ ես ասացի, որ Գախարիան ամենաթույլ օղակն էր:

Ի՞նչ դեր խաղաց այս ամենի մեջ Նիկա Մելիայի գործը:

(Խմբ. Հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, ի նշան բողոքի երկրում ընտրակեղծիքների և անարդարության դեմ, ՄԱՇ-ի ղեկավարը հրաժարվեց կրել էլեկտրոնային հսկիչ թևնոցը և վճարել գրավը՝ պայմանական ազատ արձակման համար: Խորհրդարանը հիմք ընդունեց այս վերջին հանգամանքը, երբ նախորդ օրը նրան զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից):

– Նիկա Մելիայի գործը մեծ դեր խաղաց, քանի որ այս քայլն իրականում հանգեցրեց մի իրավիճակի, երբ պետությունը ստիպված էր ուժ կիրառել: Շատ հեշտ էր հաշվարկել, որ այդպես էլ կլինի: Հասկանալի է, որ վարչապետն էր պատասխանատու լինելու ուժի կիրառման համար: Վարչապետը չցանկացավ հերթական անգամ՝ երկրորդ անգամ, պատասխանատվություն կրել: Հետեւաբար իր դերը խաղաց: Բայց երկրորդ անգամ նա վաղաժամ խաղաց:

Կարելի՞ է Նիկա Մելիայի գործը ՄԱՇ-ի կողմից սադրանք համարել:

– Չեմ կարծում, որ սա սադրանք է, սա սովորական քաղաքական պայքար է, քանի որ երբ մարդուն երկրորդ անգամ անընդմեջ ստիպում են գրավը վճարել, դա ինչ-որ չափով անտրամաբանական է: Այսինքն` գրավի գումարն արդեն վճարվել է, 30 000 լարին արդեն վճարվել է: Թաքնվելու համար Նիկա Մելիան ոչինչ չի արել: Եկեք չմոռանանք, թե ինչում է նա մեղադրվում: Նա մեղադրվում է պետական հեղաշրջման փորձի մեջ: Ըստ իս, սա կատարյալ անմտություն է: Դատարկ խորհրդարան ներխուժելով պետական հեղաշրջո՞ւմ: Այն բանից հետո, երբ մենք տեսանք, որ Բաքվում հուլիսին մտան դատարկ խորհրդարան, նոյեմբերին նույնը տեղի ունեցավ Երևանում, երբ մարդիկ դատարկ խորհրդարան են մտնում, նույնիսկ ներխուժում են այնտեղ, թերևս ոչ մի պետական հեղաշրջում այդպես տեղի չի ունենում: Սա կատարյալ անհեթեթություն է: Իրականում, հասկանալի էր, որ Նիկա Մելիան կհրաժարվեր` քաղաքական պայքարի տրամաբանությունն է այդպիսին: Եթե նա չհրաժարվեր, նա քաղաքական գործիչ չէր լինի:

Ի՞նչ զարգացում կարող է ունենալ այս իրադարձությունը:

– Ես արդեն նշեցի եմ հավանական թեկնածուներին՝ Կոբախիձեն, Ծուլուկիանին և, հնարավոր է, նույնիսկ Մայա Ցքիտիշվիլին: Եվ եթե մեկ ուրիշն էլ լինի, դա կնշանակի, որ Բիձինա Իվանիշվիլին արդեն միջամտել է խաղին:

Կարելի՞ է Կալաձեին էլ համարել որպես մեկ այլ թեկնածու:

– Շատերն են խոսում Կալաձեի մասին, բայց ես կասկածում եմ դրանում, քանի որ նա քաղաքապետի հիանալի պաշտոն ունի: Կալաձեն, ընդհանուր առմամբ, վերահսկում է այն հսկայական բյուջեով քաղաքը, որտեղ ապրում է Վրաստանի բնակչության մեկ երրորդից ավելին: Նման իրավիճակում նա վարչապետ դառնալու հավակնություն չունի: Ես չեմ ասում, որ նա ընդհանրապես նման հավակնություններ չի ունենա: Բայց նման իրավիճակում, վարչապետ դառնալը, կարծում եմ, որ Կալաձեին ձեռնտու չէ:

JNEWS-ին տված Ձեր վերջին հարցազրույցում համարում էիք, որ Կոբախիձեն առանձնապես ուժեղ քաղաքական գործիչ չէ: Ի՞նչ է փոխվել այս ընթացքում:

– Նա այսօր էլ ուժեղ առաջնորդ չէ: Թիմը: Չնայած նա թիմ չունի, բայց թիմի անդամ է:

Ի՞նչի մասին է վկայում ԱՄՆ-ի կողմից այս ամբողջ իրավիճակի գնահատականը:

– ԱՄՆ-ը բացասական, սարսափելի գնահատական տվեց: Ուստի երբ ԱՄՆ դեսպանն ասում է, որ դատարանի որոշումը ենթակա է քաղաքական բանակցությունների, դա նշանակում է, որ դատական համակարգ գոյություն չունի: Հայտարարությունն ինքնին շատ ծանր է, պարզապես ոչ բոլորը դա կարողացան կարդալ: Սա նշանակում է, որ դատական համակարգ չկա:

Իրավիճակը փոխվեց ընդամենը մի քանի րոպեում, առաջադրվեց Իրակլի Ղարիբաշվիլին: Հնարավո՞ր է, որ նրա թեկնածությունը չհաստատվի:

– Քանի որ Մելիայի գործը նախաձեռնել են ուժայինները, իսկ Ղարիբաշվիլին նրանցից մեկն է, ապա շատ հնարավոր է, որ նրանք դա քննարկել են: Ոչ, Ղարիբաշվիլին կնշանակվի, իշխանությունները գնացին դիմակայության սցենարով: Պարզապես ոչ ոք չէր մտածում Ղարիբաշվիլիի մասին, քանի որ նա արդեն վարչապետ եղել էր:

Քրիստինե Մարաբյան