Jnews-ի «Խորհուրդներ մասնագետից» հերթական շարքում իրավաբան Գուրգեն Եզոյանը պատմում է այն կարևոր հարցերի մասին, որոնց պատասխանները Դուք ցանկանում էիք իմանալ Վրաստանի քաղաքացիության մասին:
Նա, մասնավորապես, նշում է.
– Ցանկացած անձ կարող է ստանալ Վրաստանի քաղաքացիություն, միայն այն ստանալու կարգն է տարբեր, որը կախված է տարբեր հանգամանքներից. Արդյոք անձը նախկինում ունեցե՞լ է Վրաստանի քաղաքացիություն, ինչպե՞ս է այն կորցրել, արդյոք նա ունի՞ երկրորդ քաղաքացիություն և այլն:
– Եթե անձն ունի Վրաստանի քաղաքացիություն և երկրորդ երկրի քաղաքացիություն, ապա նա պետք է դիմի Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու համար, որպեսզի նրա երկու քաղաքացիություններն էլ օրինական դառնան, հակառակ դեպքում նա կարող է կորցնել Վրաստանի քաղաքացիությունը: Այս դեպքում քննություն հանձնելը պարտադիր չէ:
– Եթե անձը կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը և այժմ այլ երկրի քաղաքացի է հանդիսանում, նա իրավունք ունի դիմել քաղաքացիության վերականգնման համար, այս դեպքում անձը պետք է հանձնի մեկ քննություն:
– Քննության ձևաչափը (բանավոր կամ գրավոր) դիմորդը նշում է հայտը լրացնելու պահին: Գրավոր քննությունը ներառում է թեստավորում, որում պետք է ճիշտ պատասխանել 10 հարցից 7-ին, իսկ բանավորը հարցազրույցի տեսքով է:
– Քաղաքացիության հետ կապված այս կամ այն ընթացակարգի համար դիմում ներկայացնելը կազմում է 300 լարի:
– Անչափահաս անձը դիմումը կարող է ներկայացնել միայն ծնողների միջոցով: