Վրաստանում հետընտրական իրավիճակի, արդյունքների և ընդդիմության և իշխող կուսակցության գործողությունների մասին JNEWS-ը զրուցել է Վրաստանի Ռազմավարական վերլուծության կենտրոնի (GSAC) առաջատար փորձագետի, Բաթումիի փոխքաղաքապետի և քաղաքապետի պաշտոնակատարի (2004-2005թթ.), Աջարիայի տարածաշրջանային զարգացման գործակալության նախկին տնօրենի (2006-2010 թթ.) և ՄԱՇ-ի նախկին անդամ Գիորգի Վասաձեի հետ:
– Ինչպե՞ս եք գնահատում հոկտեմբերի 31-ի ընտրությունների արդյունքները:
– Խնդիրն այն է, որ օգտագործվել է վարչական ռեսուրս, որ եղել է ընտրողի ձայնի գնում, որ գործածվել է ուժային ճնշում… այս ամենին մենք սովորել ենք, այս ամենը մեզ համար սովորական բան է: Դրանից ոչ ոք չի նյարդայնանում, նրանք կվրդովվեն ու կշարունակեն առաջ շարժվել: Բայց հիմա «Երազանքը» հայտնվել է մի փոքր այլ բարդ իրավիճակում, քանի որ այս ամենին գումարվել է այն, որ ստիպված էին արտագրել արձանագրությունները: Եվ սա այլևս պարզապես ենթադրություն չէ, դա հաստատված է նաև մեր հետազոտությունների արդյունքում:
– Կոնկրետ ինչպե՞ս:
– Մի շարք ընտրատեղամասերում տարօրինակ ակտիվություններ են եղել: Փաստն այն է, որ շատ արձանագրություններ, որոնք մենք տեսնում ենք, չեն համընկնում ընտրություններին ներկայացածների և իշխող կուսակցության օգտին քվեարկողների թվի հետ: Օրինակ. 800 մարդ է եկել, քվեարկել է 2000-ը, ինչպե՞ս կարող է այդպես լինել: Իրականում, ես ենթադրում եմ, որ տեղի է ունեցել հետևյալը. Նրանք բացարձակ համոզված են եղել, որ վարչական ռեսուրսը բավարար կլինի, և երբ նրանք տեսան, որ դա այդպես չէ, սխալ որոշում կայացրին: Փոխարենը, որ թույլ տան բոլորը խորհրդարան մտնեն, այնտեղ մեծ տարբերություն չէր լինի և հետո առանձին կարող էին բանակցել յուրաքանչյուր կուսակցության կամ պատգամավորի հետ, նրանք որոշեցին պարզապես հաղթանակ նկարել իրենց համար: Իսկ այդպես չի լինում, այդպես չի արվում: Եվ հետո, մեզ միշտ արդյունքների մասին տեղեկացնում էին ժամը՝ 22:30-ին, 23:00-ին, առավելագույնը՝ 23:30-ին: Այս անգամ ձգեցին մինչև երեքն անց կես: Մինչև 3 անց 30 ոչ մի արդյունք չկար: Արձանագրությունների 30%-ի մասին առավոտյան ժամը երեքն անց կեսին: Հարցեր են առաջանում, ինչո՞ւ այդքան երկար ձգեցին: Ի՞նչ էիք անում այդ ընթացքում: Հասկանալի է, որ չէր համընկնում, այս ամենը կենտրոնացված չի եղել, այդ պատճառով էլ այդքան շատ սխալներ կան: Այսինքն, եթե նրանք ստանային բոլոր արձանագրությունները և վերափոխեին ԿԸՀ-ի ներսում, ապա այդպիսի սխալներ չէր լինի, բայց քանի որ դա հանպատրաստից էր, շատ սխալներ եղան:
– Արդյունքները կբողոքարկվե՞ն:
– Մեր մոտ քաղաքական ճգնաժամ է, մեր մոտ բոլոր քաղաքական կուսակցությունները չեն մտել խորհրդարան: «Վրացական երազանքից» բացի, բոլորը՝ «Հայրենասերների դաշինքից» մինչև «Վրացական քայլերթ», ասացին, որ ընտրությունները կեղծվել են:
– Ի՞նչ կլինի հետո:
– Այդ մասին ոչ ոք չգիտի, քանի որ տարբերակները շատ են: «Վրացական երազանք»-ի համար շատ դժվար է ինչ-որ մեկի հետ համաձայնության գալ, քանի որ բոլոր ընդդիմադիր կուսակցությունները ստորագրել են, որ իրենք խորհրդարան չեն մտնի:
– Այսինքն՝ խորհրդարանում կարող է միայն «Վրացական երազանքը» լինե՞լ:
– Հնարավոր է: Իրավաբանորեն կարող է, բայց ինչպիսի՞ն կլինի քաղաքական լեգիտիմությունը նման իշխանության պայմաններում:
– Ի՞նչ է ձեռնարկում ընդդիմությունը:
– Ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացնում, յուրաքանչյուր կուսակցություն իր ցույցն է անցկացնում: «Հայրենասերների դաշինքը» իրենը, «Վրացական երթը» շրջափակել է «Վրացական երազանքի» շտաբը… առաջին օրը միանգամից շատ ժողովուրդ հավաքվեց, նրանք պատրաստվում են կիրակի օրը մեծ ընդհանուր ցույց անցկացնել:
– Որքանո՞վ են արդյունավետ հանրահավաքները:
– Այս դեպքում հանրահավաքները ֆոն է, իլյուստրացիա: Հանրահավաքները նշանակություն չունեն, շատ ավելի կարևոր է ԱՄՆ դեսպանատան և միջազգային դիտորդների արձագանքը, որոնք սկզբում ասում էին, որ «ժողովուրդ, ընտրություններն անցել են ազատ և մրցակցային», բայց չեն ասել, որ դրանք արդար են եղել: Արդար պիտի որակեն, երբ ամբողջական տվյալները կստանան և այլն: Եվ երբ նրանց ասացին, որ այդքան շատ խախտումներ ու կեղծիքներ կան, նրանք փաստաթղթեր խնդրեցին: Եթե ընդդիմությունն ու ոչ կառավարական հատվածը, քանի որ այժմ նրանք նույնպես միացել են, «Transparency International»-ը, «GYLA»-ն, եթե ներկայացնեն ամբողջ փաստաթղթեր, մենք, ի դեպ, մեր ուսումնասիրությունները կներկայացնենք, այդ ժամանակ կարող է ստացվի այնպես, որ «Վրացական երազանքը» լեգիտիմացում չունենա երկրի ներսում և դրսում:
– Ինչո՞վ է դա հղի:
– Սա հղի է միջազգային մեկուսացմամբ, որին «Վրացական երազանքը» երբեք չի համաձայնի: Իվանիշվիլին երբեք դրան չի գնա:
Քանի որ նա ունի որոշակի ֆինանսական հետաքրքրություններ, ես ևս մեկ անգամ ասում եմ, այս ամենը հակամարտության զարգացման փուլեր են:
– Ինչո՞ւ է ընդդիմությունը պահանջում կրկին անցկացնել ընտրությունները:
– Նոր ընտրական հանձնաժողովով: Որպեսզի չլինի այս ընտրական հանձնաժողովը, որը կեղծել է ընտրությունները:
– Այսպիսով, նշանակում է, որ հնարավո՞ր է կրկին ընտրություններ լինեն…
– Ես ոչինչ չգիտեմ: Գաղափար անգամ չունեմ: Եթե ինչ-որ մեկն ասի, որ ինքը գիտի, նա կստի: Շատ անհայտ բաներ կան: Ես կարող եմ ասել այն, ինչ ինքս կցանկանայի: Եթե հիմա ընտրություններ անցկացվեն և լինի կոալիցիոն կառավարություն, ապա դրանում կլինեն բոլորը: Կլինեն ազգայիններից մինչև Նինո Բուրջանաձե: Դա կլինի շատ լայն կոալիցիա, նրանք կարող են միմյանց վերահսկել: Սա, ընդհանուր առմամբ, իդեալական տարբերակ է: Սա տարբերակ է, երբ ոչ ոք իշխանություն չունի, և, որ ամենակարևորն է, չկա առաջնորդ:
Քրիստինե Մարաբյան