Ապրիլյան այս օրերին Ջավախքում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ են անցկացվում՝ հուշ երեկոներից մինչև խաչքարերի կանգնեցում: Ինչքանով է ջավախքցին այսօր տեղեկացված իր պատմությանը, ինչքանով է կազմակերպված ներկայանում Վրաստանում Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում, այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Վիրահայերի «Միասնություն» հասարակական կազմակերպության նախագահության անդամ, մանկավարժ Լյովա Սողոյանի հետ:

-Ինչքանո՞վ այսօր ջավախքցին միասնական ու կազմակերպված է հանդես գալիս Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում:

Այսօր, երբ աշխարհի առաջադեմ մարդիկ, ամբողջ հայ ժողովուրդը աշխարհի տարբեր ծեգերում նման Հայոց Ցեղասպանության հիշատակի միջոցառումներ է կատարում: Խաչքարեր են վեր խոյանում, որոնք մեր սերունդներին կոչ են անելու հեշելու, թե ինչ է իրագործվել 100 տարի առաջ և դրանից հետո: Այդ տարիներից հետո հայ ժողովուրդը բռունցքվեց և չիք դարձրեց Օսմանյան կայսրության գերագույն նպատակը՝ «թողնել մեկ հայ, այն էլ թանգարանի համար»: Նրանք չկարողացան իրենց երազանքը իրականություն դարձնել: Այսօր ոգեկոչումն է ոչ միայն նահատակների, այլ նաև ոգեկոչումն է այն խիզախ հայերի, որոնք կարողացան իրենց շուրջը հավաքել մնացած մասնիկներին, և բերել հասնել Հայաստան աշխարհ և աշխարհի տարբեր ծեգերը տանել, որպեսզի մեր ազգը, որպես ժողովուրդ կարողանա աշխարհի առջև երևալ իր մշակույթով, իր էությամբ, իր կերպարով: Հայ կերպն առանձնահատուկ է: Ուր էլ, որ եղել է, նա չի կամեցել ուրիշ ազգի տեսնի եղեռն: Մենք դատապարտում ենք ցանկացած ժողովրդի եղեռնը, մենք խաղաղության երաշխավորն ենք, խաղաղություն երազողն ենք:

Ինչո՞ւ Վրաստանը չի միանում Ցեղասպանությունը դատապարտող պետություններին: Ջավախքցին ինչքանով է տեղյակ իր պատմությանը:

Իսկականից Ձեր հարցը շատ տեղին էր, որովհետև այսօր ողջ աշխարհն է ճանաչում, Վրաստանի իշխանությունները պարտավոր են այս ամենը սրբորեն պահելու պահպանելու, որովհետև իրենց նախնիների աչքերի առաջ է այս երևույթը տեղի ունեցել, երբ արտագաղթում էր Ջավախք աշխարհը դեպի Բակուրիանիի անտառներ, դեպի Ծալկայի կողմերը, այդ անտառներ գաղթվածների 30-40 տոկոսը հենց անտառներում զոհվեցին, սովամահ եղան հիվանդության գերին դարձան և հետ դարձողներն այսօր եկան շենացրին Ջավախք աշխարհը: Այսօր մեր նոր սերունդը, երիտասարդությունը այս ամենին քաջատեղյակ չի, դրա համար ես ինչ եմ կամենում որ կարողանանք մեր մտավորականության միջոցով, մեր իշխանավորների միջոցով կազմակերպել նման պահեր, որպիսի նոր սերունդը հաղորդակցվի իր արմատի հետ: Եթե երիտասարդ սերունդը արմատի հետ կապ չունեցավ նա օդում կախված է, գետնի վրա ամուր հենք չունի: Մեր երիտասարդության մեջ բացակայում է այդ հիմքը, կան երիտասարդներ, որոնք գաղափարապես, մտավորապես ամեն ինչին տեղյակ են, որովհետև նրանք կարողացել են ժամանակի ընթացքում պատմությանն անդամագրվել և դրանով իրենց ձայնը բարձրացնել: Ամենամեծ թերությունը Հայաստան և Ջավախք աշխարհի կապի թույլ լինելն է: Այնտեղ գտնվող մարդիկ շատ քիչ են ներկայանում Ջավախք աշխարհ և չեն ուզում մտավոր կապը պահպանել:

Ի՞նչ եք կարծում կգա մի օր, որ Վրաստանն պետականորեն կընդունի ու կդատապարտի 1915 թ.-ի իրադարձությունները, որպես Ցեղասպանություն:

Ցանկացած պատմական իրադարձություն միշտ էլ իր տեղը գտել է: Մի օր լինելու է, գալու են մարդիկ, իշխանություններ, որ ճանաչելու են: Տեսեք, հրեաները կարողացան իրենց գենոցիդը աշխարհին ճանաչել տալ, որովհետև նրանք ազգային գաղափար են ունեցել, մեր մոտ այդ ամենը թույլ է: Մեր մոտ դեռ մարզային գաղափարախոսություն է: Այս եթե չվերանա մեր ազգային կոլորիտից մեր ազգային մտածելակերպից, մենք էլի նույն վիճակում ենք մնալու, որովհետև ցանկացած տեղ տարբերում են ախալքալաքցի ու գորիսեցի, տարբերում են լեննականցի, տարբերում են ղարաբաղցի: Ընդհանուր գաղափարախոսություն պետք է լինի որ հայ ժողովուրդը, այդ ժողովրդի մասնիկը մենք ամենքս ենք ու մեր լուման պետք է ներդնենք ի բարօրություն մեր ազգի: Ամենագլխավորը Ջավախք աշխարհում այսօր բացակայում է հայ մշակույթը, այստեղ դպրոցը մեծ գործ ունի անելու:

Աղունիկ Այվազյան