Բավրա, Խոսպիո և Խորենիա գյուղերում քաղաքապետի ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետը լրացել է: Գյուղացիներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնում, որ վերջինս շարունակի պաշտոնավարել, սակայն Ախալքալաքի քաղաքապետը չի շտապում նոր պայմանագիր կնքել նրա հետ: JNEWS-ը փորձել է պարզել, թե արդյո՞ք այս հարցը կապ ունի անցած տարի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում Բավրա գյուղում «Վրացական երազանքի» պարտության և անկախ թեկնածուի հաղթանակի հետ:

Բավրա գյուղի բնակիչ Յագոր Ղազարյանի կարծիքով, եթե իրենց գյուղապետը չշարունակի պաշտոնավարել, ապա դա 90%-ով կապված է այն փաստի հետ, որ հոկտեմբերին կայացած ընտրություններին ժամանակ Բավրայում «Վրացական երազանքը» պարտվել է։

«Ես անգամ ցույցին ներկա չեմ եղել, սակայն ինձ ասացին, որ ցույցի ժամանակ մարդ է եղել, ժողովրդին ասել է՝ ինչպես եղավ, որ մենք ձեր գյուղում պարտվեցինք։ Գործը ավտոմատ այդ կողմն է գնում։ Մենակ ես չէ, գյուղում 90%-ով մտածում են, որ եթե Վալենտինը չլինի, ապա դա կապված է մեր գյուղում «Վրացական երազանքի» պարտության հետ։ Եթե անկեղծ ասեմ, գյուղում բոլորն էլ ուզում են, որ Վալենտինը լինի, եթե չուզեին չեին գա ցույցի, շատերն էլ տեղյակ չէին ցույցի մասին, թե չէ կմիանային», – ասում է Յագոր Ղազարյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի բնակիչները հավաքվել էին քաղաքապետարանում և իրենց աջակությունն էին հայտնում Բավրա, Խոսպիո և Խորենիա գյուղերիում քաղաքապետի ներկայացուցիչ Վալենտին Ղարսլյանին:

Բավրայի բնակիչները խնդրում են քաղաքապետի ներկայացուցչին թողնել իր պաշտոնում
Բնակիչները պնդում են, որ Վալենտին Ղարսլյանը լավ գյուղապետ է, և նրանք ուրիշին չեն տեսնում այդ պաշտոնում։

«Ամեն գործի մեջ ինքը գյուղի համար լավ է եղել, ժողովրդի կողքին միշտ կանգնած է», – ասում է Պետրոսյան Ջիվանը։

«Մենք շատ գոհ ենք նրանից և ցանականում ենք, որ ինքը մնա։ Մենք նրա գյուղապետ լինելուց հետո հասկացանք, թե ինչ է գյուղապետը։ Մենք ուրիշ թեկնածու այս պաշտոնին չենք տեսնում, համ էլ ուրիշ թեկնածու չկա այդ պաշտոնին», – ավելացնում է Շիրինյան Սերգեյը։

Վալենտին Ղարսլյանը վերոնշյալ երեք գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչ է նշանակվել 2018 թվականի ապրիլին: Նրա պայմանագրի վերջնաժամկետը լրացել է 2020 թվականի դեկտեմբերի 31-ին։

«Այսօրվա դրությամբ ես խնդիր չեմ տեսնում, քանի որ գյուղի հասարակությունը, երիտասարդությունն էր կազմակերպել ցույցը, ես ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չեմ եղել, մոտ 100-ին մոտ մարդ էր հավաքվել։ Հանդիպել էին պատգամավոր Սամվել Մանուկյանին և ասել էին իրենց ցանկությունը, պատգամավորը ասել էր, որ գործը կվերանայեն, քանի որ ամբողջ գյուղը ուզում է գյուղապետ տեսնել Վալենտին Ղարսլյանին», – ասում է Վալենտին Ղարսլյանը։

Հարցին, թե իր պաշտոնում չմնալը ինչքանո՞վ կապ ունի այն հանգամանքի հետ, որ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Բավրա գյուղում «Վրացական երազանք» կուսակցությունը պարտվել էր, այստեղ հաղթել էր անկախ թեկնածու Հենզել Մկոյանը, Վալենտին Ղարսլյանն ասաց.

«Ես չեմ կարող Ձեր այդ հարցին պատասխանել, ճիշտ է մենք վերջին ընտրություններին պարտվել ենք: Ես որպես պետական ներկայացուցիչ, պաշտպանել եմ պետական շահերը: Փաստն այն է, որ մենք 18 ձայնով պարտվել ենք, բայց դա կլինի պատճառ, թե ոչ, չեմ կարող ասել, դա կառավարությունը կորոշի։ Սակայն այսօրվա դրությամբ ամբողջ գյուղը, սկսած երիտասարդներից ինձանից բացի ուրիշ մարդ չեն տեսնում այս պաշտոնին, քանի որ միայն ես կարող եմ աշխատել գյուղացիների հետ, լսել նրանց խնդիրները»:

Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը ասում է, որ յուրաքանչյուր աշխատող պայմանագրով է, երեք գյուղերի համար քաղաքապետի ներկայացուցչի պայմանագիրը դեռ ստւրագրված չէ։

«Միայն իրենը չէ, շատ մարդիկ կան, որոնց պայմանագրերը դեռ չեմ ստորագրել։ Մենք գյուղերում մասնագետ ունենք, ինքը իմ ներկայացուցիչն էր մի քանի՝ Խորենիա, Խոսպիո և Բավրա գյուղերում։ Հաշվի առնելով ամբողջ տարվա կատարած աշխատանքը, կնայենք ինչ է կատարվել, ինչ՝ չէ։ Ինչքանով է ճիշտ աշխատել։ Ըստ այդմ կարող է նշանակվի ինքը, կարող է՝ ոչ, դեռ ոչինչ հստակ որոշված չէ, նրա պայմանագիրը դեռ չեմ ստորագրել։ Շտապելու բան էլ չունենք, դեռ չկա այլ թեկնածու, եթե փոխենք, ապա պետք է վատը լավով փոխենք, ոչ թե՝ հակառակը», – վստահեցնեում է քաղաքապետ Յուրիկ Ունանյանը։

Բավրա գյուղի գյուղամեջում հավաքվածները վստահեցնում են, որ իրենք կպայքարեն և կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի Վալենտին Ղարսլյանը շարունակի պաշտոնավարել:

Գայանե Ակոջյան