Այսօր՝ փետրվարի 8-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղի բնակիչները քաղաքապետարանում հանդիպել են Ախալքալաք-Նինոծմինդա շրջանի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանին: Բանն այն է, որ Խոսպիոյում (որտեղ ներառված է նաև Բավրա գյուղը) քաղաքապետի ներկայացուցիչ Վալենտին Ղարսլյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, Բավրա գյուղի բնակիչները պատգամավորին խնդրում էին քաղաքապետի ներկայացուցչին թողնել իր զբաղեցրած պաշտոնում:
Պատգամավորի հետ հանդիպմանը Բավրա գյուղի շուրջ 100 բնակիչներ խնդրում էին Խոսպիոյի տարածքային շրջանում Վալենտին Ղարսլյանին թողնել քաղաքապետի ներկայացուցչի պաշտոնում:
«Մենք հավաքվել ենք այստեղ՝ հանդիպելու պատգամավոր Սամվել Մանուկյանի հետ, ուզում ենք նրան խնդրել, որ Վալենտին Ղարսլյանը մնա իր պաշտոնում: Նա շատ լավ մարդ է, միշտ օգնում է մեզ, և մենք միշտ կաջակցենք նրան», – ասում է Բավրա գյուղի բնակիչ Վարդան Կարապետյանը:
Խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը վստահեցնում է, որ ոչ ոք ոչ մեկին աշխատանքից չի հեռացնում: Նրա խոսքով՝ Վալենտին Ղարսլյանի պայմանագրի ժամկետն ավարտվել է:
«Քաղաքապետարանի հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվել է: Քաղաքապետարանը կորոշի՝ նրա հետ պայմանագիրը նորից կստորագրվի, թե ոչ», – ասում է նա:
Քաղաքապետարանից պարզաբանեցին, որ Վալենտին Ղարսլյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը դեռ լուծված չէ:
Հարկ է նշել, որ 2020 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ախալքալաքի շրջանի միակ ընտրատեղամասը, որտեղ հաղթել էր մեծամասնական թեկնածու Հենզել Մկոյանը՝ 18 ձայնով առաջ անցնելով Սամվել Մանուկյանից, Բավրա գյուղում էր: