Կորոնավիրուսային համավարակի ֆոնին Ախալքալաքում առևտուրը կրկին «մարել» է՝ չհասցնելով լիովին վերականգնվել գարնանային լճացումից: Խանութների տերերը դժգոհում են, որ առևտուր գրեթե չկա: Պատճառը մարդկանց ֆինանսական ծանր վիճակն է:
Հագուստի, կոշկեղենի և կենցաղային տեխնիկայի խանութների տերերը, ինչպես նաև հագուստի շուկայի առևտրականներն ասում են, որ նախորդ տարվա համեմատ առևտուր գրեթե չկա: Ըստ առևտրականների, այս տարի նախորդ տարվա առևտրի նույնիսկ կեսը չկա:
«Անցյալ տարի ես օրական վաստակում էի 400 լարի և նույնիսկ ավելին, հիմա 10-15 օրվա ընթացքում չեմ կարող այդքան վաստակել», – ասում է հագուստ և կոշիկ վաճառող կինը:
Խանութների վաճառողները կասկածում են՝ ձմեռային նոր ապրանքատեսակներ բերելու գնան, թե՞ ոչ: Չէ՞ որ գարնանային հագուստը, որը նրանք գնել էին մարտ ամսին, մնացել է առանց գնորդի: Ըստ նրանց՝ պատճառը մարդկանց ֆինանսական ծանր վիճակն է:
«Մարդիկ փող չունեն, ինչպե՞ս կարող են առանց գումարի գնումներ կատարել: Կորոնավիրուսի հետևանքները շատ ծանր են անդրադարձել», – ասում է հագուստի շուկայի առևտրականներից մեկը:
Բացի ֆինանսական ճգնաժամից, գնորդն ունի նաև ճամպրուկային տրամադրություն: Երբ դպրոցները բացվում էին, ծնողներն ասում էին, որ իրենց երեխաների համար նոր հագուստ չեն գնի, քանի որ, եթե նրանք դպրոց չհաճախեն, այդ հագուստները կմնան և հաջորդ տարի փոքր կլինեն երեխաների հագին: Ախալքալաքն այսօր ապրում է սպասման ռեժիմում՝ առանց կորոնավիրուսից վախի և առանց սահմանափակումների՝ նորմալ կյանքի սպասումներով:
Կենցաղային տեխնիկայի խանութներից մեկի վաճառողի խոսքով, իրենց բիզնեսի վրա մեծ ազդեցություն է ունեցել այն փաստը, որ այս տարի շատերը չկարողացան մեկնել Ռուսաստան՝ խոպան, ուստի բնակչությունը գումար չունի, հետևաբար կենցաղային տեխնիկան էլ չունի գնորդ: Ամեն ինչ մղվել է հետին պլան:
«Նախկինում գրեթե յուրաքանչյուր ընտանիքից ինչ-որ մեկը մեկնում էր արտագնա աշխատանքի, բայց այս տարի շատերը չկարողացան մեկնել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ իսկ պատճառով էլ մարդիկ հայտնվեցին ֆինանսական ծանր կացության մեջ», – ասում է էլեկտրատեխնիկայի խանութի վաճառողը:
Հարկ է նշել, որ կառավարության ներկայիս պլաններում չկա խանութների վերափակումը: Այնուամենայնիվ, որոշ առևտրականներ մտահոգված են, որ եթե խանութները կրկին փակվեն մի քանի ամսով, ապա նրանք վնաս կկրեն: Չնայած բաց խանութներն էլ շատ եկամուտ չեն ապահովում, բայց գոնե մարդկանց ամեն օրվա հույսի նշույլն է…
Բրատիսլավ Իգիթխանյան