Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 687 դեպք: Այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն, վերջին 24 ժամում տուգանել է 124 ֆիզիկական անձի: Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կարգը 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն:
Բացի այդ, 24 ժամվա ընթացքում 563 ֆիզիկական անձ տուգանվել է վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ շնչադիմակ կրելու կարգը խախտելու համար:
Գերատեսչությունում պարզաբանում են, որ շնչադիմակ կրելու կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և 20 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն: Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի՝ վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: