Մարտի 1-ից Վրաստանում արգելվում է չվող թռչունների որսը: Այս մասին հայտնում է Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանության վերահսկողության վարչությունը:

Որսաշրջանի ավարտի հետ կապված՝ վարչության աշխատակիցներն ամբողջ Վրաստանում խստացնում են վերահսկողությունը: Արգելված ժամանակահատվածում որսի դեպքում որսագողերը կտուգանվեն, իսկ որսը և որսորդական զենքը կառգրավվեն:

Եթե որսի ընթացքում շրջակա միջավայրին զգալի վնաս է հասցվել, կարող է առաջ գալ քրեական պատասխանատվության հարցը:

Բնապահպանության վարչությունը որսորդության սիրահարներին հորդորում է խստորեն հետևել օրենքին և ժամկետներին: Որսաշրջանը կբացվի այս տարվա օգոստոսին:

Վրաստանում թույլատրվում է միայն թռչունների և միայն որոշակի տեսակների որսը՝ կոնկրետ ժամանակահատվածում: Որսի ընթացքում արգելվում է՝ հրկիզել բուսականությունը, օգտագործել ցանկացած տեսակի ծուղակներ, վանդակներ, օղակներ, էլեկտրոնային սարքավորումներ, թույն և զենքի համար ռեֆլեկտորներ, հավաքել վայրի թռչունների ձվերը և վաճառել դրանք, քանդել բները, կենդանիների որջերը և այլն:

Վրաստանը գաղթող կամ չվող թռչունների ամենակարևոր տարածքներից մեկն է: Ամեն տարի մեր երկրով թռչում են ավելի քան մեկ միլիոն չվող թռչուններ: