Վրաստանի Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտնում է, որ երեք անձինք փորձել են ռադիոակտիվ նյութեր վաճառել 1,2 մլն դոլարով։

Ըստ քննիչների՝ «կազմակերպված խմբի» անդամները Թբիլիսիում և Սագարեջոյում (Կախեթիի շրջան) իրենց տներում անօրինական կերպով ռադիոակտիվ նյութեր են պահել, որոնք ունեն գամմա ճառագայթում և վտանգ են ներկայացնում առողջությանը։

Ըստ ՊԱԾ-ի՝ ձերբակալվածները փնտրում էին պոտենցիալ գնորդ, իսկ խուզարկության ընթացքում փոխել էին այդ նյութերի պահման վայրը։

«Վերջնական հաշվով, նրանք փորձել են այդ նյութերը վաճառել 1,2 միլիոն դոլարով, ինչի ընթացքում նրանց բերման են ենթարկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից չեն հստակեցնում, թե ինչ նյութեր են փորձել ապօրինի վաճառել ձերբակալվածները։

Երեք ձերբակալվածների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Թբիլիսիի քաղաքային դատարանն ամբողջությամբ բավարարել է դատախազության միջնորդությունը։

Ըստ դատախազի՝ մեղադրյալների թիվը կարող է ավելանալ։

Գործով նախաքննական դատանիստը կկայանա հոկտեմբերի 12-ին։